Այսօր կատարված մի քանի իրադարձություն, կարծում եմ՝ նորից շոկի մեջ գցեց մեր հասարակությանը, ինչպես որ դա եղավ վարչապետի հրաժարականի ժամանակ, սակայն, շոկի մեջ գցեց լավ իմաստով: Սկզբում մենք լսեցինք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն արդեն պատրաստել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնելու է նախագահին, իսկ այնուհետև նախագահի հայտարարությունը այդ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Չեմ ցանկանում շատ առաջ անցնել և ոգևորվել (ի վերջո սա քաղաքականություն է), բայց ի հայտ են գալիս լուրջ դրական ազդակներ՝ երկրում իրավիճակ փոխելու առումով:

Թերևս, առաջին հերթին անդրադառնանք հավանական սահմանադրական փոփոխություններին: Գաղտնիք չէ, որ ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս բարձրացրել են խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը` ապակենտրոնացնելու համար իշխանությունը անձերի ձեռքերից: Այս նախագծով, փաստորեն, ոչ միայն իշխանությունները գնում են ընդդիմության հետ ընդհանուր կոնսենսուսի, այլև առաջարկվում է բարեփոխել նաև ընտրական համակարգը, իսկ դա ոչ պակաս կարևորություն ունեցող հանգամանք է:

Տեսեք, այսօրվա դրությամբ խառը ընտրական համակարգը Հայաստանում պարզապես չի գործում հօգուտ ժողովրդի: Բանն այն է, որ մեծամասնական համակարգի միջոցով խորհրդարան են անցում մեծամասամբ ինչ-որ օլիգարխներ` թաղային հեղինակությունների աջակցության միջոցով: Սա իսկական աբսուրդ է, որ գործում է մեր քաղաքական կյանքում, բայց եթե հնարավոր լինի դարձնել այն ամբողջությամբ համամասնական, ապա խորհրդարան կմտնեն բացառապես կուսակցությունների ցուցակներում առաջադրված քաղաքական գործիչները: Անխոս, երբեմն այս ցուցակներում ևս հայտնվում են մարդիկ, ովքեր չպետք է խորհրդարան մտնեն, բայց մյուս կողմից պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ օլիգարխների և ինչ-որ կրիմինալ տարրերի մուտքը մեր խորհրդարան հիմնականում լինում է հենց մեծամասնական համակարգի շահագործման արդյունքում: Ասեմ ավելին, համամասնական համակարգի ներդրումը կնպաստի նաև տոկոսային հարաբերակցությամբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայության մեծացմանը: Այլ կերպ ասած՝ 5% -ի շեմը հաղթահարած կուսակցությունը ոչ թե կունենա հինգ ներկայացուցիչ խորհրդարանում, այլ այդ պատգամավորների թիվը կլինի ավելի շատ:

Կարճ ասած՝ զգալի փոփոխություններ են ուրվագծվում: Չգիտեմ, թե ինչ կլինի այս ամենի վերջում, բայց ինչպես սկզբում նշեցի, շատ առաջ չանցնեք: Միևնույն ժամանակ, շատ առաջ չանցնելով, երկրի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված քայլեր, այնուամենայնիվ, ընդհանրապես չտեսնելու համար պետք կա´մ ծայրաստիճան հոռետես լինել, կա´մ էլ` կույր:

Ես հուսով եմ, որ այս գործընթացն իր շարունակությունը կունենա, և մենք ազգովի կես ճանապարհին հուսախաբ չենք լինի: Պետք է սպասել և հետևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել