Վերջին օրերին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին հետաքրքրում է հատկապես մի հարց. ո՞վ կլինի հաջորդ վարչապետը: Պետական կառավարման և երկրի զարգացման հարցում մի փոքր ավելի պատկերացնողներին հետաքրքրում է նաև, թե ինչպես կկառավարվի և ինչ կարելի է սպասել նոր կառավարությունից: Ահա այստեղ ակնկալիքներն էականորեն տարանջատվում են՝ սկսած անձից, վերջացրած արդյունքներից: Մի մասը կարծում է, որ վարչապետը, ըստ էության, ընդամենը «գործիք է» և առկա խնդիրների մեղավորներն իրականում այլ անձինք են, և որ վարչապետի փոփոխությունը ոչ մի դրական արդյունքի էլ չի բերի: Մի մասը կարծում է, որ նոր վարչապետի և կառավարության իրականացրած աշխատանքներին գնահատական տալու համար հասարակությունն ուղղակի ժամանակ չի ունենա, քանզի մինչև հերթը հասնի գնահատականներին, կթևակոխենք նոր ԱԺ և նախագահական ընտրությունների փուլ: Իսկ մի մասը կարևորում է նոր կառավարության ինչպես կազմը, այնպես էլ առաջնահերթ ծրագրերը՝ հաշվի առնելով, որ իրականում կան մի շարք խնդիրներ, որոնց նկատմամբ նոր կառավարության դիրքորոշումից ըստ էության կարելի է հստակ պատկերացում կազմել՝ որքանով են վերջիններս շահագրգիռ գործողություններ իրականացնել, որոնք բխում են քաղաքացու շահից՝
Պարտադիր կենսաթոշակային համակարգ.
Հանրային տրանսպորտ.
Բնապահպանական խնդիրներ.
Տեղային լուծումներ պահանջող հանրային աղմուկ բարձրացրած այլ խնդիրներ.
Ձախողած պաշտոնյաների փոխարինում կոմպետենտ և բարեկիրթ անձանցով:
Իրականում կան այնպիսի խնդիրներ, որոնց հնարավոր է լուծում տալ կամ առնվազն հնարավոր արդյունքների մասին խոսել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Խնդիրներ, որոնք չեն պահանջում տարիների փորձի ուսումնասիրություն, մասնագիտական ռեսուրսների բավարարում և այլն: Խնդիրներ, որոնց նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ կարելի է ձեռք բերել հանրային վստահություն կամ ...
Այս իմաստով նոր վարչապետն ու կառավարությունը հայտնվել են շատ շահեկան դիրքում: Ըստ էության՝ հանրությանն առաջին հերթին հուզող հիմնական խնդիրների շուրջ դիրքորոշում հայտնելու համար երկար ժամանակ չի պահանջվում, և նոր կառավարությունն ունի հրաշալի հնարավորություն արագ ձեռք բերելու հանրության վստահությունը, հակառակ պարագայում հետագայում անգամ միկրո կամ մակրո տնտեսական լավագույն մոդելի ընտրության և լավագույն մեկնաբանության դեպքում հասարակության կողմից չի կարող ընդունելի և արժանահավատ լինել, քանզի նրանք արդեն հասցրած կլինեն վայելել հասարակության անվստահությունը: Այս իմաստով նորանշանակ վարչապետն ու կառավարությունը հայտնվել են շատ յուրօրինակ կարգավիճակում. ամեն ինչ կամ ոչինչ:
Անկեղծ հույս ունեմ, որ թեկուզ ժամանակավոր, բայց նոր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայի՝ իրականացնելու հանրային շահից բխող գործողություններ: 
Հ.Գ.
Խորհուրդ նոր վարչապետին. այս անգամ ոչ թե որպես քաղաքացու շահից խոսող անձ, այլ որպես անձ, ով նաև աշխատել է որպես հանրային կապերի պատասխանատու. ընտրեք մի քանի պաշտոնյաների, ովքեր վայելում են հանրային անվստահություն և ստիպեք աշխատել այնպես, որ հանրությունը գոհ լինի նրանցից: Այդպես Դուք ապացուցեք, որ չեն լինում միջին օղակի վատ կառավարիչներ, լինում են վատ հանձնարարականներ տվողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել