Ռուսական կինոյի ամենաինքնատիպ և տաղանդավոր ռեժիսորներից մեկը ̀ Անդրեյ Տարկովսկին ծնվել է 1932թ. բանաստեղծ և թարգմանիչ Արսենի Տարկովսկու ընտանիքում: 1951–52 թթ-ին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնում: 1952–53 թթ-ին աշխատել է Գունավոր մետաղների և ոսկու համառուսական գիտահետազոտական ինստիտուտում և երկրաբանական խմբերում: 1960 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը. աշակերտել է կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին: 
Տարկովսկու առաջին կինոնկարը «Մարդասպաններ» (1956 թ., ըստ Էռնստ Հեմինգուեյի) կարճամետրաժ ֆիլմն է: Նրա դիպլոմային աշխատանքը` «Գլանվակ և ջութակ» կարճամետրաժ կինոնկարը (1960 թ.), 1961 թ-ին Նյու Յորքի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի: 
1962 թ-ից Տարկովսկին աշխատել է «Մոսֆիլմ» ստուդիայում: Նա «Անտարկտիդա` հեռավոր երկիր», «Հազարից՝ մեկ հնարավորություն», «Զգուշացի՜ր, օձեր են» ֆիլմերի սցենարների հեղինակ և համահեղինակ է: Նկարահանվել է «Ես 20 տարեկան եմ», «Սերգեյ Լազո» ֆիլմերում:
Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին  համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962 թ.) լիամետրաժ կինոնկարով: Վերջինս արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն): Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ` էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա: Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971 թ.) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում:
Ռեժիսորի ստեղծագործության մեջ առավել նշանակալի են «Սոլյարիս» և «Ստալկեր» կինոնկարները, որտեղ Տարկովսկին փիլիսոփայորեն վերաիմաստավորել է գրական հիմքերը՝ տալով դրանց նոր հնչողություն: «Հայելի» (1974 թ.) ինքնակենսագրական ֆիլմում արտացոլված են մանկության բազում տպավորություններ (հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) ժամանակ, միայնակ մոր կերպարը): 

 

Ես «Հայելի»-ում ցանկացել եմ պատմել ոչ թե իմ մասին, այլ մերձավորներիս հետ կապված իմ զգացմունքների, նրանց հետ փոխհարաբերությունների և նրանց նկատմամբ հավերժ խղճահարության ու պարտքի անլրում զգացումի մասին:

 

1982 թ-ին Տարկովսկին մեկնել է Իտալիա.  նկարահանել է «Կարոտախտ» կինոնկարը: Անհատի զոհաբերման թեման առավելապես զարգացրել է իր վերջին` «Զոհաբերություն» (1986 թ., Շվեդիա) ֆիլմում:  
Տարկովսկին արժանացել է Լենինյան մրցանակի (1990 թ.՝ հետմահու):
1989 թ-ից գործում է Անդրեյ Տարկովսկու անվան հիմնադրամը, 1993 թ-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում սահմանվել է նրա անվան կինոմրցանակ: 2007 թ-ին Իվանովոյում (ՌԴ) բացվել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնը: 2009 թ-ին Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոսը» ֆիլմը՝ նվիրված Անդրեյ Տարկովսկուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել