Կրթության նախարարը հայտարարում է, որ մեր քաղաքական համակարգի ողնաշարը ՀՀԿ-ն է: Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է, առավելևս, որ դա անում է կրթության նախարարը: Նախ, քաղաքական համակարգի ողնաշարը միշտ պետք է լինի հասարակությունը՝ հասարակությունը որպես համակարգի գործառնական վիճակի կատարելագործման, համակարգի զարգացման առանցքային միավոր, երբ այդ «ողնաշարի» դերում հանդես է գալիս կուսակցությունը, ապա մենք գործ ունենք դիկտատորական տիպի ռեժիմի հետ: Արդյուքնում կուսակցությունը սկսում է իր ձեռքում կենտրոնացնել հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտների նկատմամբ վերահսկողությունը, որը, վերջիվերջո, հանգեցնելու է հեգեմոնիստական համակարգի առաջացմանը՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Սա՝ որպես ի գիտություն, ամենուր իրեն երևակման նետող նախարարին, ով հաճախ մոռանում է, որ ինքը վաղուց պատգամավոր չէ, և իր գործառույթը կրթության ոլորտը զարգացնելն է, ոչ թե ԱԺ-ում վերբալ «տուրնեներ» կազմակերպելը: Ավելին՝ այսպիսի մտքերը ոչ միայն վնասակար են, այլև՝ վտանգավոր, որովհետև դրանք կարող են դեգրադացիայի ենթարկել համակարգի կողմնորոշիչային բաղկացուցիչը: Նմանօրինակ միֆերն ազդում են մարդկանց մենտալիտետի վրա, խաթարում հասարակության՝ տրանսֆորմացիայի փուլում գտնվող քաղաքական կուլտուրան: Էլ չեմ ասում, որ քաղաքական էլիտան ինքն է սկսում հավատալ այս վտանգավոր թեզի կենսունակությանը՝ աստիճանաբար դառնալով բացառապես ապասոցիալական միավոր, գիլդային կառուցվածք, որի արժեհամակարգը սեփական խմբի մշտական գերակայությունն է սոցիումի մեջ: Համակարգի զարգացման հեռանկարները կապելով ավանգարդային կուսակցության հետ, նսեմացվում է հասարակության դերը քաղաքական գործընթացների վրա ազդելու և համակարգի զարգացման պոտենցիալն ուժեղացնելու գործում: Փոխարենը, գերագնահատվում է կուսակցության դերը, որը, իր վրա վերցնելով համակարգի բոլոր գործառույթները, սկսում է ծանրաբեռնվել և, ոչ պրոֆեսիոնալ, ոչ ֆինանսական, ոչ գաղափարական առումներով պատրաստ չլինելով նման ծանրություն կրելուն, դանդաղորեն ընթանում է դեպի ինքնակործանում: Սա խոսում է, մի պարզ բանի մասին, որ իշխող վերնախավի մեծ մասը բացարձակապես պատկերացում չունի քաղաքական համակարգի սպեցիֆիկայի, դրա ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ կառուցվածքի մասին: Ուրեմն, քաղաքականապես հում հայտարարություններ անելու փոխարեն, պետք է ձեռք բերել քաղաքագիտական տարրական գիտելիքներ: Սա ցույց է տալիս, որ Էլիտայի շատ ներկայացուցիչներ դեռևս քաղաքականապես հասուն չեն և պատրաստ չեն հրապարակային ելույթների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել