Այն, ինչ կատարվեց այս երկու օրվա ընթացքում, թույլ է տալիս պնդել, որ եթե մինչ այդ մենք խոսում էինք այն մասին, որ իշխանությունները «չհայտարարված պատերազմ են» սկսել սեփական ժողովրդի դեմ, ապա երեկվանից վստահ կարելի է ասել, որ ՍԴ-ի որոշումը և Տիգրան Սարգսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ժողովրդի դեմ բացահայտ պատերազմի մեկնարկի հայտարարություն:

Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն, որ թեև «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրույթները ճանաչվել են հակասահմանադրական (իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ օրենքի դրույթները չեն կարող շարունակել գործել, եթե չեն համապատասխանում Սահմանադրությանը), երկրի բնակիչներին շարունակում են ստիպել կատարել պարտադիր վճարումները:

Փաստացի, երկրի իշխանությունները, ովքեր կոչված են հետևելու Սահմանադրության պահպանմանը, ինչպես նաև պաշտպանել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, սեփական նպատակներին հասնելու համար պատրաստ են ոտնահարել երկրի գերագույն օրենքը՝ Սահմանադրությունը, իսկ դա նշանակում է, որ փաստացի պատրաստակամություն է հայտնվում անհրաժեշտության դեպքում ոտնահարել նաև Սահմանադրության մեջ ամրագրված մարդու հիմնական իրավունքները և ազատությունները:

Այս պարագայում ցանկացած կոչ այն մասին, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ պայքարը պետք է ապաքաղաքական լինի, դառնում է ոչ միայն աբսուրդային, այլ նաև ուղղակիորեն ջուր է լցնում Սերժ և Տիգրան Սարգսյանների ջրաղացին, քանի որՍԴ-ի  երեկվա որոշմամբ՝ այս պայքարը դառնում է ոչ թե քաղաքական, այլ գերքաղաքական, քանի որ այսուհետև խոսքը վերաբերում է ոչ թե կոնկրետ օրենքին, այլ նրան, որ այն մարդիկ, ովքեր կոչված են ապահովելու երկրի և անհատի իրավունքները և անվտանգությունը, արդեն դե յուրե հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները, և այս պարագայում ժողովրդին ոչինչ չի մնում, քան բացահայտ պահանջել այդ մարդկանց հրաժարականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել