Երեկ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի շենքում, տեղի ունեցավ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Աշխատանքային տարբեր հարցերի շարքում օրակարգում տեղ էր գտել Եվրանեսթի վեհաժողովի արտահերթ նիստ հրավիրելու ուկրաինական պատվիրակության առաջարկը: Առաջարկվում էր հատուկ նիստ հրավիրել՝ նվիրված Ուկրաինայում ստեղված իրավիճակին: 

Իմ ելույթում, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեցի, որ Հայաստանի պատվիրակության համար խնդիրն ունի բազմաթիվ նրբերանգներ: Մի կողմից շարունակ փորձեր են արվում քննադատել ՌԴ-ին, որը Հայաստանի բարեկամ և ռազմավարական դաշնակից երկիր է, և մյուս կողմից էլ Ուկրաինան եղել և մնում է մեր բարեկամ ու գործընկեր երկիրը արևելյան գործընկերությունում: Բացի այդ, բոլոր երկրները շատ լավ են պատկերացնում, որ ինքնորոշման իրավունքի իրացումը մեր պետության ու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար կենսական սկզբունք է: Հույս հայտնեցի, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների բարեհաջող ավարտից հետո Ուկրաինայի և ՌԴ-ի միջև հնարավոր կլինի գտնել իրավիճակի հանգուցալուծման համար երկուստեք ընդունելի լուծում: Ինչպես նաև ի նկատի ունենալով, որ շուտով Եվրախորհրդարանի ընտրություններ են, ուստի նպատակահարմար չի լինի հրավիրել արտահերթ նիստ առաջիկայում: Առաջարկեցի հարցին անդրադառնալ աշնանը տեղի ունենալիք բյուրոյի նիստում, երբ ձևավորված կլինեն Եվրախորհրդարանը ներկայացնող նորընտիր պատվիրակություններն ու բյուրոյի անդամները: 
Առաջարկս հավանության արժանացավ և ընդունվեց բյուրոյի նիստին ներկա անդամների մեծամասնության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել