(սկիզբը՝ ստեղ)
Ես Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանում մենակ մի անգամ եմ եղել՝ 2000 թվին։ Մակեդոնայում «Ստրուգայի բանաստեղծական երեկոներ» փառատոնին մասնակցելու հրավեր էի ստեցել, ուղիղ չվերթ չկար դեպի Մակեդոնիա, Մոսկվայով գնացի, ու քանի որ մորաքույրս դեռ կենդանի էր, տոմսերն էն ձեւով առա, որ մի քանի օր Մոսկվայում անցկացնեմ։ Աննա մորաքույրս տարիքն առած էր արդեն, ասել էր որ չի կարող գալ ինձ դիմավորելու, ինքնուրույն գտա Теплый Стан թաղամասում գտնվող իրա տունը, որտեղ նախորդ անգամ շատ վաղուց էի եղել, դեռ դպրոցական ժամանակ։ Հիշում եմ, որ լարվել էի շատ, ու լարվածության պատճառով երեւի՝ փոքրիկ արկածների մեջ ընկա դեռ օդանավակայանից։ Ինքնաթիռից որ իջանք, ոչ Ռուսաստանի քաղաքացիներս մաքսային փաստաթուղթ պետք ա լրացնեինք՝ Մոսկվա մտնելուց առաջ։ Փաստաթուղթը լրացրեցի, անձնագիրս թողեցի սեղանիկի վրա ու գնում եմ։ Գնում եմ, գնում եմ, մեկ էլ զգում եմ մեկը վազում ա հետեւիցս։ Շուռ եկա՝ տեսնեմ փոքրիկ ռուս տղա ա, էնքան արագ էր վազել, քրտինքի մեջ կորել էր, ասեց՝ вы кажется забыли свой паспорт, ու անձնագիրս մեկնեց ինձ։ Հուզվեցի ահագին։ Էդ որ վերեւում ասեցի՝ լարվել էի, ամենից առաջ նրանից էի լարվել, որ Մոսկվայից արդեն սկսել էին վատ լուրեր գալ՝ «կովկասցիների» սպանությունների մասին։ Իսկ իմ արտաքինը շատ լավ մատնում ա իմ «կովկասցի» լինելը։ Մի խոսքով .. Երկրորդ արկածը պատահեց ինձ Теплый Стан-ի մոտերքը հասցրած երթուղային ավտոբուսից իջնելուց հետո։ Իջա, գնացի դեպի մետրոն, մտա, մոտեցա տոմս եմ ուզում առնել, մեկ էլ տեսնեմ՝ պայուսակս չկա, ճամպրուկս վերցրել եկել եմ, պայուսակս, որ ահագին մեծ էր (ես միշտ սիրել եմ մեծ պայուսակներ), թողել եմ երթուղայինի մեջ։ Դուրս եկա մետրոյից ու վազում եմ դեպի կանգառ։ Հետն էլ մտածում եմ՝ չէ, Մակեդոնիայի փառատոնին ես ոնց որ չհասա։ Ախր պայուսակիս մեջ ոչ միայն ամբողջ ունեցածս փողն էր, այլ նաեւ տոմսերը։ Հասա կանգառ, տեսնեմ՝ ինձ բերած երթուղայինը դեռ տեղում ա, չի հեռացել։ Բարձրացա, տեսնեմ՝ պայուսակս տեղում ա։ Վերցրի, նայում եմ վարորդին, վարորդն ասում ա՝ ааа, это ваш чемоданчик? ։ Ու ժպտում ա։ Ես էլ։
Մի խոսքով, ես մորաքրոջս տուն էդ օրը հասա։ Մորաքույրս կիսով հայ, կիսով ռուս էր, հայրն իմ պապիկն էր, բայց մայրն իմ տատիկը չէր, ուրիշ էր՝ ռուս։ Հիշում եմ՝ ասում էր՝ «ես ոչ մի տեղ մերոնքական չեմ, Հայաստանում հայ չեմ, Ռուսաստանում էլ ռուս չեմ»։ Դրա համար էլ երեւի՝ Աննա մորաքուրս պացիֆիստ էր, ինձ ասում էր՝ ինչո՞ւ ադրբեջանցիների հետ չեք կարողանում լեզու գտնել։ Ես բացատրում էի՝ ինչու։ Բայց չէր համոզվում։ Հենց տեսնում էի արդեն լուրջ վիճելու ենք, ասում էի՝ ես գնացի, պայուսակս վերցնում իջնում էի քաղաք։
«Կովկասյան» արտաքինիս հետ կապված խնդիրներ հիշում որ Մոսկվայում էդ անգամ չունեցա։ Բայց գիտեի, որ խնդիրը կա, հնարված չի։ Ու գիտեի նաեւ, որ խնդիրը ընդամենը սրվել ա Սովետի քանդվելուց հետո, իսկ եղել ա՝ միշտ, դեռ էն ժամանակներում, երբ ես դպրոցական էի, իսկ Սովետական Միությունը հավերժ էր թվում։ Առաջին անգամ ես դրան բախվել էի սովետական Յալթայում։ Վարձով սենյակ էինք երկար փնտրում, վերջապես մեկը գտանք որ հարմար էր, ծովին բավական մոտ, արդեն մտել իրերն էինք դասավորում, հանկարծ լսեմ տանտիրոջ ծեր մայրը պատուհանի տակ տղայի հետ վիճում ա՝ «Էս ո՞ւմ ես տվել, ես քեզ չէի ասել՝ մերոնց կտաս մենակ»։ Մերոնց՝ нашим։ Հիշում եմ, որ կոկորդս սեղմվեց, ու ես ծնողներիս երկար փորձում էի համոզել, որ գնանք ուրիշ սենյակ փնտրենք, չմնանք էնտեղ, որտեղ մեզ չեն սիրում։ Բայց չկարողացա համոզել՝ տեղը շատ հարմար էր, ու հայրս չուզեց տեղափոխվել։
Երկրորդ անգամ «մերոնք-ձերոնք» ձեակերպումն ինձ հանդիպեց դարձյալ ծովափին հանգստանալիս, բայց էս անգամ՝ Ադլերում։ Ճաշարանում էր, երկու կին՝ մեկը մեծահասակ, մյուսը ավելի ջահել, կողքի սեղանին նստած, խոսում էին էն մասին, թե ինչքան են իրանց կողմերում շատացել «ոչ մերոնք»։ Ու մեկ էլ ջահելը ասեց՝ «Ես չեմ հասկանում, ոնց ա տենց լինում, երբ որ կարգադրություն կա՝ կովկասցիների չգրանցել»։ Երբ որ տուն եկանք, մորս խնդրեցի, հարցրեց մեր տանտիրուհուն՝ արդյո՞ք տենց բան կա, եւ տանտիրուհին, որի հետ բավական ջերմ հարաբերությունների մեջ էինք, չժխտեց դա, ասեց՝ իրանց մոտ ներքին հրաման կա՝ դրսից եկածներին, մասնավորապես կովկասցիներին, քաղաքում չգրանցել, եւ դրա մասին բոլորը գիտեն, դա արվում ա «հանգստություն ապահովելու համար»։
«Կովկասցիների» եւ ռուսների հակամարտությունը Սովետական Միության հմտորեն քողարկված միակ հակամարտությունը չէր, իհարկե։ Յալթայի մասին վերեւում հիշատակեցի։ Ղրիմում գտնվող էդ քաղաքում հանգստանալիս համարյա չէր նկատվում, որ Ուկրաինայում ենք, ուկրաիներեն չէր լսվում ոչ մի տեղ։ Բայց հենց էդ քաղաքում էլ, հիշում եմ, ինձ հանդիպեց էն ուկրաինացին, որի աչքերի փայլը չեմ մոռացել էսքան տարիներ անց։ Չեմ հիշում՝ ինչ թեմայից, ոնց սկսվեց խոսակցությունը, հստակ չեմ հիշում նույնիսկ՝ ով էր մասնակցում խոսակցությանը, երեւի՝ հայրս, իսկ ես լուռ հետեւողն էի, բայց հիշում եմ, որ զրույցը գնաց հասավ ռուսներին, մեկ էլ հանկարծ ուկրաինացին ինչ-որ կոպիտ բան ասեց ու աչքերը փայլեցին ատելության աննկարագրելի փայլով։ Ջահել բարձրահասակ տղա էր, էսօրվա պես հիշում եմ էդ դեպքի բոլոր մանրամասները՝ ծովի ավազները, ավազներին փռված ծածկոցը, իրան՝ ծածկոցին կանգնած։ Աչքերը կապտագորշ էին, ու մեջն էնքան ատելություն կար, որ հիշում եմ՝ համ հիացել էի մի տեսակ, համ վախեցել։ Էն ժամանակ Ուկրաինայի պատմությունից շատ քիչ բան գիտեի, Голодомор-ի ՝ արհեստականորեն սարքված ահավոր սովի մասին չէի լսել, ու լավ չէի հասկանում՝ ինչու պետք ա ուկրաինացին էդքան ատեր ռուսներին, բայց ատելությունը փաստ էր՝ աչքիս առաջ։
Մորաքույրս չկա արդեն, 2000 թվինը մեր վերջին հանդիպումն էր։ Չգիտեմ՝ ով ա հիմա ապրում Теплый Стан-ի էդ բնակարանում, որտեղ երկար վիճում էինք՝ Ղարաբաղի եւ այլ հարցերի շուրջ։ Հենց զգում էի՝ վեճը լրջանում ա, ուր որ ա գուցե կռվենք, ասում էի՝ ես գնացի, պայուսակս վերցնում էի ու իջնում Մոսկվայով թափառելու։ Էդ թափառումների ժամանակ, հիշում եմ, մեկ էլ լրիվ անսպասելի հայտնվեցի ռուսական պառլամենտի ուղիղ դռան առաջ՝ նայում էի ցուցատախտակին ու աչքերիս չէի հավատում։ Ով կմտածեր, որ պառլամենտը կարող ա ոչ ցանկապատ ունենա իրա շուրջը, ոչ բակ, դուռը հենց ուղիղ մայթի վրա բացվի։ Մյուս անսպասելին Կրեմլն էր։ Մինչեւ էդ Կրեմլը իմ համար միշտ սովետականության, Սովետի պատմության հետ էր ասոցացվել, իսկ էս անգամ լրիվ ուրիշ բան էի տեսնում իմ առաջ՝ Ռուսաստանի ֆեոդալա-կայսերական անցյալի հետ կապված մի բան։
Հիշում եմ, Կրեմլ բարձրանալիս որոշել էի Ստալինի գերեզմանը տեսնել, բայց մոռացա, անցա գնացի, ահագին հեռացել էի նոր հիշեցի ու ալարեցի հետ դառնամ։ Փոխարենը հենց նույն երեկո, մորաքրոջս գրադարանը աչքի անցկացնելիս հանկարծ նկատեցի Ստալինի հատորները։ Կյանքումս Ստալինից բան չէի կարդացել, մի երկու բան աչքի անցկացրի՝ հետաքրքրեց շատ, ու քանի որ ափսոսում էի Մոսկվայում գտնվածս մի քանի օրը Ստալինի գրածների վրա ծախսեի, խնդրեցի մորաքրոջս, որ ինձ նվեր անի էդ երկու հատորը, բերեմ հետս Հայաստան ու կարդամ։ Բայց մերժում ստացա, պարզվեց՝ մորաքույրս իրա գրադարանի բոլոր գրքերի հետ հուզական կապ ուներ եւ չէր ուզում բաժանվել դրանցից ոչ մեկից։
Մեկ մեկ մտածում եմ՝ եթե մորաքույրս էդքան կապված չլիներ իրա գրադարանի հետ ու ես Ստալինի էդ հատորները հետս Երեւան բերած լինեի, գուցե Ռուսաստանի պատմությունն ուրիշ ձեւով զարգանար ու հիմա Պուտինի տեղ ուրիշ նախագահ լիներ։ Բայց եղածը ետ չես շրջի։