Շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև Ուկրաինայի ճգնաժանի լուծման ուղղությամբ: Շարունակվում են, բայց առայժմ անարդյունք: Նախօրեին Փարիզում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերին: Միակ բանը, որի շուրջ եղել է պայմանավորվածություն «շարունակել բանակցություններն այս ուղղությամբ»: Ավելի վաղ հեռախոսազրույցի միջոցով փորձել են ելքեր փնտրել Պուտինն ու Օբաման, բայց այդ հեռախոսազրույցը անվանել լուրջ առաջընթաց անիմաստ է: Ասեմ ավելին, նույնիսկ առաջընթաց որպես այդպիսին չի եղել, ուր մնաց լուրջ առաջընթաց գրանցվեր: Սակայն այս անհաջող բանակցությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել ինչպես Ուկրաինայի նոր իշխանությունների, այնպես էլ Արևմուտքի վրա, որպեսզի ճգնաժամը լուծվի Մոսկվայի առաջարկած ծրագրի տրամաբանությամբ: Ռուսաստանի ծրագրին էլ, կարծում եմ՝ արդեն բոլորիս հայտնի է: Հիմնականում խոսքը վերաբերում է Ուկրաինայի դաշնայնացմանը և երկրի չեզոքության ամրապնդումը՝ ՄԱԿ-ի անվտագության խորհրդի կողմից:
Թերևս հիշում եք, որ ընդամենն օրերս Ուկրաինայի նախկին, բայց դե յուրե ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես եկավ ուղերձով, որով կոչ արեց երկրի բոլոր շրջաններին անցկացնել հանրաքվեներ՝ որոշելու իրենց ապագա կարգավիճակը: Դե պարզից էլ պարզ է, որ Յանուկովիչի անվան տակ ուղերձը հղում էր իրականում Մոսկվան և հղում էր դա առաջին հերթին Ուկրաինայի հարավին և արևելքին, որպեսզի սկսեն «համապատասխան» քայլեր ձեռնարկել, իսկ երկրորդ հերթին՝ Արևմուտքին: Արևմուտքին հասցեագրված ուղերձը, սակայն, ոչ թե առաջարկ էր, այլ թերևս սպառնալիք: Ռուսաստանն իմ կարծիքով դրանով սպառնում էր ռուսախոս շրջանների հարցը լուծել այնպես, ինչպես որ «լուծեց» Ղրիմի հարցը:
Դատելով վերջին տեղեկություններից՝ այդ սպառնալիքը սկսում է դառնալ իրականաություն: Խարկովի և Դոնեցկի շրջանների բնակիչները, որոնց մեծամասնությունը ռուսախոսներ են, պահանջում են անցկացնել հանրաքվեներ՝ իրենց համապատասխան շրջաններում շրջանների հետագա կարգավիճակի առնչությամբ: Կարճ ասած՝ ցանկանում են Ղրիմի նման «կամարտահայտվել» և միանալ Ռուսաստանին: Դժվար է ասել, թե այս ամենն ինչով կավարտվի, բայց ես կարծում եմ, որ մեծ հաշվով Ռուսաստանը բլեֆ է անում և իրականում այնքան էլ պատրաստ չէ անեքսիայի ենթարկել Ուկրաինայի կեսը, որով արդեն լրջորեն կվտանգի սեփական հեղինակությունն ամբողջ աշխարհում և կկանգնի ռազմական բախման փաստի առջև Արևմուտքի հետ:
Բանն այն է, որ Ռուսաստանի համար, տարածքային առումով, առաջնային հարցը Ղրիմն էր, որն արդեն իսկ լուծվեց և լուծվեց աշխարհի կեսի լռելյայն համաձայնությամբ, բայց բռնակցել Ուկրաինայի հարավն ու արևելքը միանգամայն այլ հարցեր են: Նկատի չունեմ, որ դրանք պատմականորեն ռուսական տարածքներ չեն, պարզապես դրանով Ռուսաստանը չափը կանցնի…
Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պարզապես փորձում է, ինչպես քիչ առաջ նշեցի բլեֆ անել՝ ճնշելու համար առաջին հերթին Կիևին, որպեսզի գնա դաշնայնացման:
Դժվար թե Ուկրաինայի ճգնաժամի լուծման Ռուսաստանի տեսլականի հիմքում ընկած են ռազմական գործողությունները:



