Ղրիմի թաթարները ցույց են տալիս իրենց իրական դեմքը: Ինչպես հիշում եք, շուրջ մեկ շաբաթ առաջ Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են հրավիրել Կուրուլթայ (համազգային հավաք) և քննարկել համայնքի հետագա ինքնորոշման հնարավորությունները: Այն ժամանակ այդ հայտարարության մեջ եղած ձևակերպումները բավական աղոտ էին և թույլ չէին տալիս հասկանալ, թե կոնկրետ ինչ նկատի ունի Չուբարովը` ինքնորոշում ասելով: Սակայն այդ Կուրուլթայ կոչվածը վերջապես հրավիրվեց և ի վերջո հստակեցվեցին Ղրիմի թաթարների իրական ցանկությունները:

Ղրիմի թաթարական մեջլիսը հայտարարել է, որ իրավական գործընթացներ է սկսում՝ Ղրիմում թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ստեղծման ուղղությամբ: Այս մասին ասել է մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը ռուսական «ՌԻԱ Նովոստի» կայքին: Իսկ Բախչիսարայում կուրուլթայի ժամանակ Չուբարովը ասել է մասնավորապես հետևյալը. «Մենք խնդրում ենք կուրուլթային, որպեսզի մեջլիսին լիազորի դիմել բոլոր պետությունների կառավարություններին, հատկապես այն պետությունների, որոնց կազմի մեջ գոյություն ունեն ազգային պետություններ: Մենք լավ ուսումնասիրել ենք ՌԴ-ի սահմանադրությունը և այն հանրապետություններինը, որոնք ՌԴ-ի կազմում են, և նրանցից կպահանջենք ապահովել Ղրիմի թաթար ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ Ղրիմի թաթարները լավ էլ ընդունում են Ռուսաստանի` թերակղզու հանդեպ լեգիտիմ իշխանությունը, եթե պատրաստվում են դիմել Մոսկվային, որպեսզի իրենց տրամադրվի ազգային-մշակութային ինքնավարություն Ղրիմում: Բա ո՞ւր մնաց թերակղզու թաթարների այն հակառուսական հռետորաբանությունը, ես կասեի հիստերին, որ առկա էր Ղրիմի հանրաքվեից առաջ: Որտե՞ղ են այժմ Ուկրաինայի «հավատարիմ զավակները», ովքեր հավատարմության երդում էին տալիս Կիևին:

Չգիտեմ` Դուք ինչպես, բայց ես երբեք էլ չեմ հավատացել Ղրիմի թաթարների անկեղծությանն այս հարցում: Ես միշտ էլ կարծել եմ, որ բոլոր դժգոհությունները հանրաքվեի շուրջ պայմանավորված էին Ռուսաստանի հետ բարեհաջող առևտուր իրականացնելու հետ: Կարելի է ասել գործարքը հաջողվեց: Ղրիմի թաթարներն այժմ հնարավորություն ունեն ձեռք բերել մի բան, որը երբեք չեն ունեցել` ինքնավարություն: Կարճ ասած` «խորը կսկիծով» Ղրիմի թաթարները հրաժեշտ են տալիս Կիևին: Ինչպես ասում են, թագավորը մահացավ, կեցցե´ թագավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել