ArmnewsTV.am-ը գրում է.
Ղրիմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եվրոպացի փորձագետներն ու եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորում են երեք հիմնական գործոններով` տարածաշրջանային զարգացումներով, հայ-ռուսական գործընկերությամբ և Արցախի խնդրով: Ըստ Բրյուսելի` Լուեվեն համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլյեի, Հայաստանի դիրքրոշումը տարընթերցումների տեղիք չի տալիս:
Բեռնար Կուլյեն կարծում է, որ Հայաստանի դիրքորոշումը 2 հիմնական պատճառ ունի: Առաջինը` Ռուսաստան, երկրորդը` Ղարաբաղ: Հայաստանը Ռուսաստանից ռազմական և էներգետիկ օգնություն է ստանում: Այս կերպ է Ղրիմի հարցը կապված Ռուսաստանի հետ: Այս քայլով Հայաստանն իր աջակցությունն է ցույց տալիս Ռուսաստանի քայլերին: Երկրորդը` Ղարաբաղ: Ավելի քան 20 տարի Ղարաբաղի հարցը Հայաստանի քաղաքականության առաջնահերթությունն է: Միտքը, որ մարդիկ ինքնորոշման իրավունքով կարող են որոշել իրենց ապագան, իհարկե հիմնական է Ղարաբաղի դեպքում: Եվ շատ նորմալ է, որ մարդիկ փորձում են զուգահեռներ տանել Ղարաբաղի ու Ղրիմի հարցում:
Բրյուսելում գործող «Հայ տուն» կենտրոնի ղեկավարի խոսքով, Հայաստանը չի կարող կղզիացած արտաքին քաղաքականություն վարել և այս կամ այն կերպ պետք է միանա կոնկրետ դիրքորոշում ունեցող քաղաքական խմբերին:
Եվրոպական մեկ այլ հայկական կազմակերպության ղեկավարի խոսքով, Եվրոպայում ապրող հայերը կիսում են Հայաստանում ապրող հայրենակիցների կարծիքը, եւ մտածում են Արցախում ապրող հայրենակիցների մասին:
Ընդհանուր առմամբ, եվրոպահայերի ուշադրության կենտրոնում ոչ այնքան Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումն է, այլ ավելի շատ, թե արդյոք ինքնորոշման իրավունքը կկարողանա ամբողջությամբ գործի դրվել Արցախի դեպքում: Զուգահեռները, եվրոպացի փորձագետները Ղրիմի և Արցախի հետ չեն անցկացնում` նկատելով միայն, որ եթե Ղրիմը կողմնորոշվել է մեկ ամիս առաջ, ապա Արցախը` ավելի քան քսան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



