Իհարկե լավ է, որ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկեց Ղրիմի հանրաքվեն չճանաչելու փաստաթղթի դեմ, բայց, ինչպես միշտ, ամեն ինչ հարամ է անում մեր հայրենյաց պորտաբույծների ակումբը՝ ԱԳՆ-ն:
Բացատրեմ. քվեարկությունից բառացիորեն մեկ օր առաջ «Ազատություն»-ը հայտարարեց, որ ԱԳՆ-ում ասել են, որ Հայաստանը ձեռնպահ է մնալու քվեարկության ժամանակ, բայց արդեն հաջորդ օրը Հայաստանը քվեարկեց դեմ, ինչը դարձավ շահարկումների առիթ ու թույլ տվեց մեր հիստերիկներին կրկին ճղճղալ, որ մենք ռուսական գաղութ ենք, ու Ռուսաստանն է մեզ ստիպել քվեարկել այնպես, ինչպես քվեարկել են:
Հիմա կա երկու հավանական տարբերակ.
1. «Ազատությունը» ապատեղեկատվություն է տարածել, քանի որ, ի վերջո, «Ազատությունը» Պետդեպից ֆինանսավորվող ռեսուրս է և առաջին հերթին ծառայում է ԱՄՆ-ի շահերին, իսկ այս պարագայում ԱՄՆ-ի շահերից էր բխում, որ Հայաստանը հանկարծ դեմ չքվեարկի ռեզոլյուցիային: Սակայն այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ԱԳՆ մամուլի քարտուղար Բալայանը հանդես չէր եկել հայտարարությամբ, որ «Ազատությունը» ապատեղեկատվություն է տարածել՝ հղում անելով Բալայանի վրա, և ԱԳՆ-ն նման ոչ մի հայտարարություն չի տարածել:
2. Բալայանը իրոք այդպիսի բան ասել է, բայց դե ԱԳՆ-ում, ինչպես միշտ, բառդակ ա, ու աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը, որովհետև տղերքը շատ խառն են՝ Մադագասկարի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատելու պլանը կազմելով: Ստացվում է, որ կամ Բալայանն է ինքն իրենով որոշել, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկի, բայց Նալբանդյան Էդոն համը հանել ա...
Ամեն դեպքում սա մեր ԱԳՆ-ի հերթական խայտառակ ձախողումներից է, որը գալիս է նրանից, որ այս գերատեսչությունում բառդակ է, ու ոչ կոմպետենտ մարդիկ հեղեղել են դրա պատասխանատու պաշտոնները:
Հ.Գ. Ի դեպ, «Ազատությունը» խմբագրել է իր տեքստը/նոր տեքստ է գրել ու հիմա, ի տարբերություն սկզբնական տարբերակի, էլ չի նշվում, որ իրենց այդ մասին հաղորդել է Տիգրան Բալայանը, մինչդեռ ես անձամբ կարդացել եմ, որ «Ազատությունը» նրա վրա էր հղում արել, իսկ եթե ստուգեք նույն լուրն այլ լրատվամիջոցներում՝ կտեսնեք, որ բոլորն էլ հղում են անում «Ազատության» վրա ու նշում են Տիգրան Բալայանի անունը: