Aysor.am-ը գրում է.

Միջազգային բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան Հայաստանն իրավունք ունի նաև իր ջանքերը գործադրել՝ պաշտպանելու սիրիահայերի ամենատարրական իրավունքները, որովհետև դրանք վեր են ցանկացած իրավունքներից: Aysor.am-ի հետ զրույցում, խոսելով Քեսապում տեղի ունեցած իրադարձությունների և քեսապահայերի խնդիրների մասին, այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք պետք է երկու ուղղությամբ շատ կոկնրետ քայլեր կատարենք. Սիրիայի իշխանությունների հետ միասին համատեղ միջոցառումներ ձեռնարկենք` ամրապնդելու սիրիահայերի անվտանգությունը և քայլեր կատարենք ինքնապաշտպանության մակարդակը բարձրացնելու: Մանավանդ այն վայրերում, որտեղ հայության կոմպակտ բնակավայրեր կան»,- ասաց ՀՅԴ պատգամավորը::

Շարունակելով խոսքը՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ Հայաստանը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել և պետք է դիվանագիտական շատ ակտիվ քայլեր նախաձեռնի, որպեսզի նույն միջազգային կազմակերպությունների օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը դառնա սիրիահայերի իրավունքների պաշտպանությունը` ի թիվս բոլոր այն ազգային փոքրամասնությունների խնդիրների, որոնք արծարծվում են նրանց իրավունքների պաշտպանության առումով:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրիա մեկնած պատգամավորական խմբում ՀՅԴ-ից ոչ մեկ չկար, հատկապես, որ ՀՅԴ լոբբինգը դրսում ուժեղ է, Ա. Ռուստամյանը նախ ասաց, որ հարցը պետք է տալ նրանց, ովքեր ձևավորել են պատվիրակության այդ կազմը:

«Այդ մոտեցումը մեզ համար իսկապես անընդունելի է.... Իհարկե, Դաշնակցությունը այդ պատվիրակություններով չէ, որ պետք է այնտեղ ներկա լինի, մենք կառույցներ ունենք Սիրիայում և ինչ էլ այնտեղ կատարվում է, կատարվում է մեր կառույցների անմիջական մասնակցությամբ ու միջոցով, մանավանդ Քեսաբում: Բնականաբար մենք դրա կարիքը չունենք` այնտեղ ներկա լինելու, բայց խնդիրն այն է, որ եթե պաշտոնական պատվիրակություն է գնում ԱԺ-ից, նաև հարցին համապատասխան նշանակություն ու հնչեղություն ապահովելու համար է անհրաժեշտ, որ այն կազմավորված լինի քաղաքական բոլոր ուժերից և խոսքը միայն Դաշնակցության մասին չի: Բոլոր ուժերի ներկայությունը պատվիրակությունում անկասկած ավելի մեծ հնչեղություն կհաղորդեր այդ այցելությանը»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել