Հաագայում միջուկային անվտանգության գագաթնաժողովում ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ինչպես սպասվում էր, նրա հայտարարությունը կառուցված էր հայկական կողմին ուղղված մեղադրանքների վրա:

Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիայի պայմաններում Ադրբեջանը հնարավորություն չունի վերահսկել իր սահմանների մի մասը, ինչը հնարավորություն է ստեղծում միջազգային հանցավոր խմբավորումների համար ռադիոակտիվ ու միջուկային նյութեր տեղափոխել այդ տարածքներում, իսկ Հայաստանին հնարավորություն է տալիս «օկուպացված տարածքները որպես ռադիոակտիվ նյութերի գերեզման օգտագործել»:

Նույն գագաթնաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահն արձագանքել է այս մեղադրանքներին՝ նշելով. «Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»:

Ադրբեջանի նախագահը հայկական կողմի հասցեին բավականին ծանր մեղադրանքներ է հնչեցրել, սակայն, ինչպես նախորդ դեպքերում, որևէ հիմնավորում չի ներկայացրել: Թե ի՞նչն է հիմք տվել Ադրբեջանին նման հայտարարություններ անել, այդ մասին կիմանա միայնը ինքը` Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը. օգտագործել ցանկացած առիթ` մեղադրանքներ հնչեցնելու Հայաստանի հասցեին: Հավանաբար, այս դեպքում ևս, Ադրբեջանն առաջնորդվել է այս սկզբունքով:

Ի դեպ, մասնագիտական կառույցներից բացի, ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը ևս, վերջին 10 տարիների ընթացքում, երկու անգամ դաշտային աշխատանքներ է իրականացրել Արցախի տարածքում, սակայն եզրափակիչ զեկույցներում նման փաստեր չեն արձանագրվել:

Ադրբեջանի նախագահի` ողջամտությունից դուրս արվող հայտարարությունները, հերթական անգամ ի ցույց են դնում այդ երկրի ղեկավարի անլուրջ մոտեցումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի և համապատասխան մասնագիտական կառույցների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել