ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրդլավը, իսկ նրանից էլ առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել էին, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին նկատվում են ռուսական զորքերի «զգալի» կուտակումներ:
ՆԱՏՕ-ն զգուշացրել է, որ կա ռազմական ինտերվենցիայի մեծ հավանականություն, իսկ Պետդեպը հայտարարել է, որ դատելով Ռուսաստանի որդեգրած վարքից, իրենք խիստ հոռետեսորեն են վերաբերվում Ռուսաստանի հավաստիացումներին, որ դա բացառապես զորավարժությունների հետ է կապված, և ռուսները չեն պատրաստվում ներխուժել Ուկրաինա:
Մյուս կողմից, հենց Ռուսաստանի հայտարարությունն է: Հիշեցնեմ, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն վստահեցրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա:
Կարծում եմ, որ ճշմարտությունը այս երկու պնդումների մեջտեղում է: Այն, որ Ռուսաստանը հենց այնպես չի զորքեր կուտակել ու ինքնանպատակ չէ զորավարժություններ անում, ոչ մի ողջամիտ մարդու մոտ կասկած չի առաջացնի: Բնականաբար, Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, այլ հարց է, թե երբ ու ինչպես: Վստահ եմ, որ Ռուսաստանը պարզապես պատրվակի է սպասում, ու բոլորն են դա հասկանում:
Իրականում, կարծում եմ, որ Ուկրաինայի ճակատագիրը բանդերականների ձեռքում է: Բոլորն էլ հիմա շունչները պահած սպասում եմ, թե մինչև ատամները զինված Աջ սեկտորի գրոհայինները երբ են արյուն թափելու, որովհետև հենց դա կլինի որոշիչ ազդանշան ռուսների համար, որպեսզի Ուկրաինայի ռուսալեզու ու ոչ միայն ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով զորքերը հասցնի մինչև Ուկրաինայի արևմտյան սահմանները: Սա հասկանում է Արևմուտքը, սա հասկանում են նաև բանդերականները, այդ իսկ պատճառով կամուկացի մեջ են, որովհետև Արևմուտքը չի պատրաստվում պատերազմել ռուսների հետ, իսկ բանդերականները հասկանում են, որ այս անգամ Յանուկովիչ չի լինելու, ու իրենց ուղղակի հատ-հատ կոչնչացնեն, դրա համար էլ հապաղում են: Բայց որքա՞ն ժամանակ...