Ջեյմս Ուորլիքը կրկին ինքնատիպ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Ի՞նչ է այս մարդը ուզում մեզանից և ադրբեջանցիներից: Թե, ասա թող հանգիստ ապրենք, էլի, մեզ համար: Ինչքա՞ն կարելի է մեկ նախադասությամբ սադրել կողմերին և սերմանել լարվածություն երկու հասարակությունների միջև: Առանց այն էլ լարված մթնոլորտի պակաս չկա: Եկեք ի վերջո անդրադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մի քանի ժամ առաջ արած գրառմանը. «Ինձ այսօր ուղղեցին. հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար»:
Շուտով կլրանա ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի մեկ տարին, ինչ հակամարտության ձևաչափի շրջանակներում նա ներկայացնում է ԱՄՆ-ն: Մի՞թե այսքան ժամանակ Ուորլիքը աշխատում էր առանց նույնիսկ հասկանալու, թե ում միջև է հակամարտությունը, և իրեն պետք է «ինչ-որ» մեկը «հուշեր» դրա մասին: Ավելի աբսուրդային հայտարարություն անել այս մարդը չէր կարող:
Այն, որ Ուորլիքը հիմար չէ, և շատ էլ լավ գիտեր և գիտի այս հակամարտության ակունքները, միանշանակ է: Այստեղ կարևորը հասկանալ, թե որոնք են այս մարդու գրառման դրդապատճառները: Ինչո՞ւ ԱՄՆ-ն հանկարծ որոշում կայացրեց նման հայտարարություն անել, այն էլ այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները, կարելի է ասել, որոշ չափով հակաարևմտյան դիրքորոշում են որդեգրել Ղրիմի հարցում: Միանշանակ ինչ-որ բան ասելը բարդ է, բայց այն, որ սա Ուորլիքի կողմից վերջին շրջանում տարվող սադրանքների շարքին է պատկանում, փաստ է: Ի դեպ, եթե նկատել եք, Ուորլիքը մեկ անում է այնպիսի գրառում, որը կարող է սադրել հայերին, մեկ էլ այնպիսի, որը բնավ դուր չի գալիս, կամ էլ չի գա ադրբեջանցիներին: Կարծում եմ՝ նույնիսկ մանրամասնելու կարիք էլ չկա, քանի որ Ուորլիքի ամեն մի գրառումն այնպիսի ոգևորությամբ է տարածվում մեր ԶԼՄ-ների կողմից, որ թերևս կամա թե ակամա, մեր հասարակության մեծ մասը տեղեկանում է դրանց մասին:
Ինչևէ, դրդապատճառները դեռ մի կողմ թողնելով` հարկ է արձանագրել, որ վերջին այս գրառումը, ինչքան էլ առաջին հայացքից հայանպաստ լինի, անտեղի և բոլորովին չհիմնավորված լարվածության պատճատ է դառնալու հակամարտության կողմերի միջև: Այնպես որ, այս համատեքստում տվյալ հայտարարության մեջ ոչ մի հայանպաստ էլեմենտ ես չեմ տեսնում: Եթե ամերիկացիք, ի դեմս Ջեյմս Ուորլիքի, անկեղծորեն ուզում են օգնել հակամարտող կողմերին, որի հարցում ես լուրջ կասկածներ ունեմ, լավ կանեն ընդհանրապես ոչինչ չասեն:
Ես հուսով եմ, որ ներկայիս աշխարհաքաղաքական վայրիվերումների շրջանակներում ամերիկացիք չեն փորձի ի վնաս Ռուսաստանի անկայունացնել մեր տարածաշրջանը, որից առաջին հերթին կտուժի ոչ թե Ռուսաստանը կամ էլ ԱՄՆ-ն, այլ մենք և ադրբեջանցիները:
Այնպես որ, կոչ եմ անում թե՛ մեզ, թե՛ ադրբեջանցիներին չտրվել սադրանքների: