Առաջին ռեակցիան Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը՝ Հայաստանի՝ Մաքսային Միությանը անդամակցելու ցանկությանը այն էր, որ Հայաստանը պարզապես պարտավորված է մասնակցելու նորաստեղծ միության աշխատանքներին՝ որպես այլընտրանք դիտարկելով ՀՀ անվտանգության համակարգում ռուսական բաղադրիչի կենսականությունը և հարաբերությունների վատթարացման պայմաններում մեր անվտանգության համակարգի հնարավոր խոցելիությունը: Այս մտահոգությունները, ընդհանուր առմամբ, զուրկ չեն տրամաբանությունից: Սակայն տարրական գիտելիքների տիրապետող ցանկացած դիվանագիտական կորպուսի համար վաղուց արդեն պետք է ակնհայտ լիներ, որ կոմպլոմենտար վագրի ոստյունների արդյունքում Հայաստանը տարիներ շարունակ Ռուսաստանին է նվիրել ոչ միայն իր տնտեսական, այլև քաղաքական ինքնավարությունը՝ տարաբնույթ տնտեսական խարդավանքների միջոցով ՌԴ-ին նվիրելով ԽՍՀՄ-ից ժառանգած հսկայական տնտեսական կապիտալը և սեփական ճակատագիրը որոշալու իրավունքների ամբողջական փաթեթը:
ԵվրԱզԷՍ-ին հնարավոր անդամակցությունը, կարծես թե, գուժեց կոմպլեմենտարիզմի դարաշրջանի ավարտը։ Սակայն Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցող վարչապետ Տիգրան Սարգսյանը սառը ջուր է լցրել կոմպլեմենտարիզմի վախճանը գուժողների ծոծրակին: Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։
Ժամանակին ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսների առաջամարտիկ վարչապետը կրկին սկսել է առաջին իսկ հարմար առիթով ակնարկել իր կողմնորոշումների մասին: Հայտնի է, որ «կամ-կամ»-ի պարտադրանքը եղել է, ավելին, եղել է շատ կոշտ, և Հայաստանը այդ պարտադրանքին դիմագրավելու առանձնապես փորձեր չի արել: Պարտադրանքն անընդունելի համարող վարչապետը այնպիսի խանդաղատանքով ընդունեց ռուսական մահակի հարվածը, որ պակասեցին միայն երջանկության արցունքները տեսախցիկների առաջ: Ի՞նչը խանգարեց Տիգրան Սարգսյանին՝ ընդվզել պարտադրանքի դեմ, հրաժարական տալ և ղեկավարել «կամ-կամ»-ի քաղաքականության դեմ Հայաստանում նշմարվող շարժումը: Ավելին, վարչապետն իր կառավարության հետ միասին ջանքեր չխնայեց՝ ջլատելու այդ հասարակական ընդվզումը: Իսկ նրա հետագա հայտարարությունները, թե ինքը ՄՄ անդամակցության ջատագով է եղել, պարզապես քմծիծաղ է առաջացնում: Թարմացնենք վարչապետի և մյուս «մոռացկոտների» հիշողությունը:
Վարչապետը ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն՝ երկիրը, չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության հետ, անդամակցի դրան: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն՝ մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից՝ անիմաստ է դառնում Մաքսային միությանն անդամակցելը: Այս առանձնահատկությունն ընդգծել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության հետ, սակայն Սերժ Սարգսյանի հետ համատեղ ստեղծած աշխատանքային խմբին հրահանգել է մշակել գործիքներ, որոնք, հաշվի առնելով այս առանձնահատկությունները, կնախապատրաստեն Հայաստանի անդամակցությունը նոր միությանը: Անդամակցության անհնարինության մասին պնդող վարչապետը անմիջապես գերազանցիկի ուշիմությամբ ու պատրաստակամությամբ անցավ ստացած հրահանգի կատարմանը՝ մոռանալով իր «չմաքսային» հակումները:
Ամեն դեպքում, վիճակը նետված է, և Հայաստանը ընդունել է ռուսական կողմի պարտադրանքը: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից և այժմ լայն թափով ընթացող Հայաստանի մաքսայնացումից հետո վարչապետի հայտնի հայտարարությունը պետք է դառնար նրա կարապի երգը: Բրյուսելում հայտարարելով «կամ-կամ»-ի անընդունելիության մասին՝ նա լռեց, թե ինչի համար ընդունեց այդ նույն պարտադրանքի քաղաքականությունը: Եթե ընթացող գործընթացները նրա համար անընդունելի էին՝ քաղաքագիտության այբուբենը տարրական հուշումներ է տալիս՝ հեռացիր պաշտոնից, պայքարիր գաղափարներիդ համար և ժողովրդական ճնշմամբ վերադարձիր իշխանության՝ ծրագրերդ ի կատար ածելու համար: Ոչ թե օգտվիր առիթից, որ ղրիմյան աղմուկի ֆոնին քո ցածրաձայն հոխորտանքները ոչ մեկին չեն հետաքրքրի և շարունակիր փոխլրացնողի լուսապսակ կրել՝ եվրոպական պաշտոնյաներին պաչիկով բարևելու համար:
«Կամ-կամի» պարտադրանք չընդունող վարչապետը, այժմ գտնվելով այդ պարտադրանքի ճիրաններում, ունի երկու ճանապարհ՝ լռել և գլուխը կախ փաստաթղթավորել Հայաստանի մաքսայնացումը, կամ ընդվզել պարտադրանքի դեմ և ձևավորել նոր քաղաքական շարժում: Քանի որ նա Բրյուսելում հանդես եկավ թեթևակի ընդվզմամբ՝ չեմ ալարի կրկնել, որ ակնկալում եմ նրանից լսել հետևյալ հայտարարությունը. «Ըմբռնումով մոտենալով նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած արտաքին քաղաքական նոր կուրսին, սակայն այդ հարցում ունենալով տրամագծորեն հակառակ դիրքորոշում՝ ես իմ թիմակիցների հետ հայտարարում եմ հրաժարականի մասին՝ նպատակ ունենալով հիմնել նոր քաղաքական ուժ, որը պետք է փորձի առավել լայն ֆորմատով, ժողովրդավարական ընտրությունների միջոցով վերադառնալ իշխանության և փոփոխություններ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծում»:
Այս հայտարարությանը անմիջապես պետք է հետևի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի և մի շարք այլ պաշտոնյաների հրաժարականը: Եթե, իհարկե, օրեր անց Մոսկվայում Տիգրան Սարգսյանը չհայտարարի, որ Հայաստանի համար անընդունելի է երկակի քաղաքականությունը և պաշտոնական Երևանը իր ապագան տեսնում է բացառապես Մաքսային Միության շրջանակներում...