Մինչ մեր ուշադրությունը սևեռված է Ղրիմի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և այլ հարցերի վրա, Կիևում կատարվող իրադարձությունները մի տեսակ երկրորդ պլան են մղվել, և շատ իզուր, որովհետև հեղափոխությունը կանգ չի առել և հասունանում է դրա նոր՝ ավելի ռադիկալ ու պոտենցիալ ավելի արյունահեղ ֆազա:

Մայդանը, որ այսօրվա դրությամբ ամբողջովին վերահսկվում է Աջ սեկտորի (կարդա՝ ֆաշիստների) կողմից, հայտարարել է, որ խիստ դժգոհ է նոր իշխանություններից և պահանջում է, որ սրանք էլ հանձնեն իշխանությունը, ինչի վերաբերյալ արդեն համապատասխան մանիֆեստ են հրապարակել: Այլ կերպ ասած՝ կա ռեալ հավանականություն, որ անգամ դե յուրե գործող երկրի իշխանությունները ամբողջովին կանցնեն Ուկրաինան դե ֆակտո վերահսկող ֆաշիստների ձեռքը:

Մյուս կողմից, Տիմոշենկոն է ասպարեզ եկել ու իր հավակնություններն է ներկայացնում՝ Ուկրաինայի գահը ստանձնելու համար: Տիմոշենկոն՝ իր բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ, ուկրաինական քաղաքական դաշտի ծանր քաշայիններից է, ու թե՛ վճռականությամբ, թե՛ փորձով, թե՛ խորամանկությամբ ու թե՛ առավել ևս իշխանության ձիրքով ոչնչով չի զիջում, իսկ, ավելի ճիշտ, էականորեն գերազանցում է Յացենյուկ-Տուրչինով-Տյագնիբոկ տրիոյին: Բացի դրանից, նա վայելում է Արևմուտքի աջակցությունը ոչ պակաս, քան նշվածները, ու անհամեմատ ավելի շատ, քան Յարոշն ու իր ֆաշիստները:

Չմոռանանք նաև նույն յացենյուկենց մասին, ովքեր ամենևին էլ պատրաստ չեն հենց այնպես ու միանգամից հրաժարվել իշխանությունից: Որքան էլ ճղճիմ լինեն այս կերպարները, բայց նրանք ևս ունեն իրենց հետևորդների բանակը, որի զգալի մասը կոնսոլիդացվել է նրանց շուրջ, որովհետև վախենում է՝ տեսնելով, որ ֆաշիստական բռնապետության հաստատման իրական վտանգ կա:

Մի խոսքով, Ուկրաինայում կրքերը թեժանում են ու հեղափոխական ճամբարը բաժանվում է աստիճանաբար իրար նկատմամբ թշնամացող խմբավորումների: Սակայն չմոռանանք, որ Յարոշի խմբավորումն ունի երկու շատ լուրջ առավելություն մյուս երկուսի հանդեպ. այն գաղափարական է (այո՛, նրանց գաղափարականությունը ֆաշիստական երանգավորում ունի, բայց այն կա) և այն զինված է ու վճռական, իսկ մյուս երկու խմբավորումների գաղափարը փողն ու իշխանությունն են, իսկ ուժը՝ տոտալ դեմորալիզացված ոստիկանությունն ու բանակը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթի, եթե/երբ բանը հասնի բաց առճակատման:

Հ.Գ. Այ հենց սրան էլ սպասում է Ռուսաստանը ու չի շտապում գրավել ողջ Ուկրաինան, որովհետև երբ վերոնշյալ պրոցեսները սկսվեցին, մի այնպիսի ներուկրաինական մսաղաց կսկսվի, այնպիսի հուսալքություն և վախի մթնոլորտ կհաստատվի, որ ռուսական բանակի մուտքը ուկրաինացիների մեծամասնության կողմից կդիտարկվի որպես մեծագույն բարօրություն ու փրկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել