Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է «Ուկրինֆորմը», Ղրիմի օկուպացումը հակամարտություն չէ սոսկ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. այն խարխլում է անվտանգության գլոբալ համակարգը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` մարտի 21-ին Բրյուսելում Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումից հետո:

«Ռուսաստանը խարխլել է անվտանգության համակարգը: Ռուսաստանն սկսել է իրեն զինված գանգստերի նման պահել Ուկրաինայի տարածքում: Ուստի պետք է գտնվի արժանի պատասխան, թե ինչպես կասեցվի միջազգային հանցագործությունը: Եվ սեղանի վրա պետք է լինեն բոլոր միջոցները»,-համոզված է Ուկրաինայի վարչապետը:

Յացենյուկը նաև նշել է, որ ի պատասխան միջազգային պատժամիջոցների սահմանման, Ռուսաստանն, առաջին հերթին, տանուլ տվածը հետ կբերի Ուկրաինայի միջոցով:

«Ես գիտակցում եմ, որ Ռուսաստանը տանուլ տվածը հետ կբերի Ուկրաինայի միջոցով: Բայց նա առանց այդ էլ դա կաներ: Նրանք արդեն այսօր հայտարարել են, որ կրկնակի կբարձրացնեն գազի գները: Եվ սրանով նրանք, առաջին հերթին, խփում են Արևելյան Ուկրաինային: Նրանք դա անում են կանխամտածված, որպեսզի ոչնչացնեն մեր արդյունաբերությունը, որպեսզի վատացնեն ուկրաինացիների կյանքը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել