Ազգային շահի գիտակցումը շարունակում է մնալ սինկրետիկ դատողության մակարդակում, երբ մեզ համար նույնիսկ հակադիր շահերը սկսում են ընկալվել իբրև իրական շահեր, որը ոչ միայն անօգուտ, այլև շատ վտանգավոր միտում է: Դիցուք, Ղրիմի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը պաշտպանելու հարցը, որը բացի Ուկրաինայից, առաջ է բերելու ողջ Արևմուտքի նեգատիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց դրանից Հայաստանը «շահելու է» դիվանագիտական կրկնակի հարված. մի կողմից Ղարաբաղի հարցի նկատմամբ տեղի չի ունենալու ռուսական դիրքորոշման այնպիսի փոփոխություն, որը կնպաստի մեր ազգային շահերի իրացմանը, և, մյուս կողմից, Արևմուտքը Հայաստանի հետ հարաբերություններում կօգտվի միայն մտրակի «ծառայություններից»: Այսպիսով՝ մեր քաղաքական էլիտայի «փակ բյուրեղացումը» առաջ է բերել պետական շահերի ըմբռնման իսկական խառնաշփոթ. թվում է, թե Արցախի հարց ունենալով բոլոր ինքնորոշվողներին աներկբա աջակցելը հենց ազգային շահի իրացումն է (այսպիսի կարծիքներ են հնչում), սակայն դա շատ վտանգավոր է, որովհետև առաջին հերթին պետք է ճիշտ գնահատել արտաքին քաղաքական կոնյունկտուրան, կոնֆլիկտի հարակից և օժանդակ սուբյեկտներին, նրանց շահագրգռվածության և ներգրավվածության աստիճանը և այլն: Ի վերջո, բոլոր երկրները և հատկապես գերտերությունները միշտ էլ նմանատիպ հարցերում առաջնորդվել են հայտնի երկակի ստանդարտներով, և Հայաստանի խուսանավումը դժվար էլ առաջացնի նրանց թշնամական վերաբերմունքը, հատկապես, որ Հայաստանի ձայնը արտաքին քաղաքական հարաբերություններում այնքան էլ լսելի չէ: Մյուս կողմից էլ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում երբեք հանդե չի եկել ինքնորոշման օգտին: Ստացվում է, որ մեր քաղաքական էլիտայի մոտ ձևավորվել է ՌԴ շահերի պաշտպանության ապոպեա, որը միշտ շահելու է Արևմուտքի հակակրանքը և, միևնույն ժամանակ, ՌԴ կողմից միակողմանի դաշնակցային հարաբերությունների խորացմանը (որի օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ադրբեջանի հետ հարաբերությունների այնպիսի խորացմանը, որը ՀՀ անվտանգության համար խնդիրներ է առաջացնում): Իսկ եթե ընդունենք, որ Հայաստանը փորձում է ռևանշ վերցնել Ուկրաինայի՝ պարբերաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին հանդես գալու համար, ապա չի կիրառվել որոշումների կայացման առաջին փուլը՝ խնդրի բացահայտում. իրականում խնդիրը չի բացահայտվել այնպես, որ հասկանալի լինեին դրա բոլոր նրբերանգները, այլ կերպ ասած՝ հաշվի չի առնվել առկա քաղաքական կոնյունկտուրան, որը խիստ անհրաժեշտ է քաղաքական որոշումների ընդունման և, որ շատ կարևոր է, դրա արտաքին լեգիտիմացման ու ռեալիզացման համար, ինչը, նկատելի է, գրեթե բացառվում է: Եվ եթե Ուկրաինան հետ կանչի իր դեսպանին, ապա վերջնականապես «կլուծի» Հայաստանի մեկուսացման հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել