Ի՞նչ է Ղրիմում տեղի ունեցածը` ըստ միջազգային իրավունքի ու փաստացի: 
ԱՆԵՔՍԻԱ` սա է միանշանակ պատասխանս: Իսկ հանրաքվեն ոչ մի կապ չուներ ազգային ինքնորոշման հետ: 
Արդա՞ր էր անեքսիան, թե՝ ոչ, դա արդեն այլ հարց է:

Ակնհայտ է, որ առանց ռուսական ռազմական միջամտության չէր լինի խորհրդարանական հեղաշրջումը Սիմֆերոպոլում, և ոչ ոք նման հանրաքվե չէր էլ կազմակերպի:
Ամեն բան կանխորոշվեց այդ հեղաշրջմամբ, այդ թվում միակողմանի խեղդող քարոզչությամբ, հապճեպությամբ, ընդդիմացող թաթար և ուկրաինացի համայնքների չմասնակցությամբ, ուկրաինական զորքի կրավորականությամբ:
Ռուսական համայնքը, որը երբեք աչքի չի ընկել ազգային ինքնությամբ և կազմակերպվածությամբ, առանց ռուսական ռազմական ներկայության և անմիջական ուղղորդման Մոսկվայից, տեղից ընդհանրապես չէր շարժվի, ինչպես որ չշարժվեց ազգային ինքնությունից ու կազմակերպվածությունից նույնքան զուրկ ուկրաինական համայնքը: 
Ուրեմն, ոչ մի ինքնորոշում էլ չի եղել: Մոսկվան գրավել է, քանի որ իրենն է համարել ու ուժը պատել է: Կիևը և ուկրաինացիները չեն դիմադրել, քանի որ իրենցը չեն համարել, ու հույսը դրել են օտար քեռիների վրա:

Իրական ինքնորոշումը գրեթե միշտ տեղի է ունենում պայքարով, հաճախ արյունահեղությամբ:
Արցախը ինքնորոշվել է ոչ թե իր մարզխորհրդի սեսիաներով կամ անհեթեթ հանրաքվեով, որով պարզ չի, թե ումից է անկախանում (ավելի նման է Հայաստանից անկախանալուն), այլ ազատագրական անհավասար պատերազմում հաղթելով:

Հանրաքվեով անեքսիայի ու պատերազմով ինքնորոշվելու այս տարբերությունն է, որ մեզանում շատերը չեն կարողանում ընկալել, հատկապես ձևական միջազգային իրավունքի մոլեռանդ պաշտպանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել