Newsbook.am-ը գրում է.

Որքան խորանում են ղրիմյան իրադարձությունները, այնքան արդիական է դառնում Զորի Բալայանի նամակի խնդիրը: Ժամանակին շատերս ռոմանտիկ թռիչք համարեցինք արդեն 80-ամյակի շեմին մոտեցող հայ գրողի ու հրապարակախոսի նամակը, հոգու ճիչ դիտարկեցինք, իսկ ոմանք էլ գովեցին նրան, գնահատեցին ջանքը:

Բայց հիմա արդեն զգացմունքները մղվում են հետին պլան, ու տեսնում ենք ազգային դավաճանության նման մի բան, որն իրականացվել է գրողի ձեռքով: Ղրիմի հարցում Պուտինի վերջին հայտարարությունները, ՌԴ նախագահի խոսնակը դարձած Վլադիմիր Ժիրինովսկու իբր ծայրահեղական և իբր էքսցենտրիկ ելույթները վկայում են, որ Զորի Բալայանի նամակի ամեն մի տող հայտնի է Պուտինին, որ այդ նամակը «նախադուռ» է հանդիսացել Ռուսաստանի համար` արդարացնելու իր քայլերը Ղրիմում: Երբևէ ազգերի ինքնորոշման և իրավահասարության մասին չխոսող Պուտինը Ղրիմի հարցում հենվեց հենց այդ դրույթի վրա ու մղվեց դեպի պատմական հայրենիք վերադառնալու սևեռումին:

Զորի Բալայանի նամակի տեքստում էլ այս ամենն էր` դիտարկված Ռուսաստանի պատմական շահի դիրքերից: Նշանակում է, Բալայանի նամակը գրվել էր Մոսկվայում կամ էլ նրա անմիջական հուշումների ներքո: Հազիվ թե ԿԳԲ-ի դպրոցն անցած, բոլոր իշխանությունների օրոք դյուրությամբ հարմարվող և միշտ կշեռքի ծանր նժարի վրա գտնվող Զորի Բալայանը ինքնուրույն քայլի դիմեր, սեփական նախաձեռնությամբ բարձրացներ Գյուլիստանի պայմանագրի և Ղարաբաղը Ռուսաստանի գիրկ վերադարձնելու հարցը, եթե հատկապես չլիներ կրեմլյան պատվերը:

Ուրեմն, անվերապահորեն կարելի է հաստատել, որ այդ նամակի ամեն մի տողը համաձայնեցված էր Կրեմլի հետ, կրեմլյան ռեֆերենտներն էին նամակի թեզիսները փոխանցել Բալայանին: Ու սա է դառնում վտանգավոր, որովհետև ցանկացած պահի Ռուսաստանը կարող է շրջվել դեպի Արցախ: Լեռնային Ղարաբաղի համար սա կործանում կնշանակի: Հիշենք, թե Ղրիմի հարցում ինչ պետական լեզուների խնդիր առաջադրեց Պուտինը: Ղարաբաղն օկուպացնելով էլ` Պուտինը պետական լեզուներ կհռչակի հայերենը, ռուսերենը և ադրբեջաներենը:

Մ․Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել