Ասում են՝ Թուրքիայի բժիշկների ասոցիացիան հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ ահազանգ է հնչեցնում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոգեվիճակի առնչությամբ:
Հրապարակման համաձայն՝ բժիշկները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով վարչապետի վարքագիծը 2013 թ. բողոքի ակցիաների ընթացքում: Նրանք Էրդողանի մոտ նկատել են տրամադրության բևեռացում, որն ի հայտ է եկել հոգեգործունեության աստիճանական անկման, ուրիշներին հրեշավորելու, պառակտիչ հռետորաբանության եղանակով:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Էրդողանի գործողություններն իր, իր մերձավոր շրջապատի և ընդհանրապես թուրքական պետության համար: Եվ անհրաժեշտ ենք համարում մեր մտավախության մասին կիսվել հանրության հետ»:
Մի կողմ դնելով նման բնույթի հայտարարությունների հետևում ինչ-որ ուժերի առկայության հնարավորությունը և դիտարկելով վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած գործընթացներն ու մասնավորապես Էրդողանին «կրկնկակոխ կերպով» հետապնդող անհաջողություններն ու փորձություններն՝ ամենևին էլ զարմանալի չի լինի Թուրքիայի վարչապետի մոտ ընդհանրապես հոգեկան խնդիրների առաջացումը:



