1. Ճշմարիտ ժողովրդավարությունը գիտակցված պայքար է տվյալ երկրի ժողովրդի կողմից իր իսկ իրավունքների համար, և չի կարող պայմանավորված լինել արտաքին հանգամանքներով:

2. Ճշմարիտ ժողովրդավարությունը չի կարող լինել արևմտյան, արևելյան, հյուսիսային կամ հարավային: Այն չի կարող որևէ աշխարհագրական կամ ազգային պատկանելություն ունենալ, կամ շաղկապված լինել տարբեր օտար տերությունների կամքի ու բարի ցանկությունների հետ: Հակառակը հավատացողները գիտակցված կամ անգիտակից Հայաստան են հրավիրում օտարերկյա միջամտություն, շահադիտական նկրտումներ և զանազան խարդավանքներ՝ ընդհուպ մինչև պատերազմ:

3. Ժողովրդավորության համար պայքարը երբեք չի կարելի խառնել արտաքին կողմնորոշման, այլ երկրների հետ հարաբերությունների, աշխարհաքաղաքական հանգույցների և օտար տերությունների միջև գոյություն ունեցող զանազան հարաբերությունների, այս կամ այն երկրները սիրելու կամ ատելու հետ:

4. Ժողովրդավարության հաստատումը բացառապես ներքին խնդիր է: Հակառակ պարագայում երկրի ներքին իրավիճակը դառնում է արտաքին կոնֆլիկտների թատերաբեմ և հայտնվում ներքին գործոնների ազդեցությունից դուրս անկանխագուշակելի և վտանգավոր ապագայով:

Պարզ լեզվով ասած, հարգելի հայրենակիցներ, Հայաստանում ժողովրդավարություն, այսինքն՝ ժողովրդի իշխանություն հաստատելու համար, որքան էլ որ մեզ դուր չգա մեր արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանից կախվածությունը, Պուտինը և նրա հոխորտանքները, որքան էլ որ Արևմուտքի գայթակղությունները ուժեղ լինեն, միևնույն է, արտաքին քաղաքականությունը պետք է մի կողմ դնել և բացառապես զբաղվել ժողովրդի իշխանության հաստատմամբ, առանց արտաքին օգնության կամ միջամտության: Երբ սեփական ուժերով կկառուցենք ուժեղ ժողովրդավարական և օրինական պետություն, այն ժամանակ արդեն արտաքին խնդիրները ինքնըստինքյան իրենց լուծումները կգտնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել