Այսօր դերերի լուրջ վերաբաշխում է տեղի ունենում, աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություններ, որոնք հնարավոր է, որ Ռուսաստանի ջլատման արդյունքում աշխարհի կառավարման մոդելը դարձնեն միաբևեռ՝ լծակը կամա թե ակամա տալով ԱՄՆ-ի ձեռքը:
Ռուսաստանը՝ ի դեմս այդպես էլ հանրապետական կառավարման մոդելի հետ չհամակերպված Վլադիմիր Ցարի, ինքնաոչնչացման քաղաքականություն է վարում՝ չհասկանալով, որ հին ազդեցությունների ոլորտների կորուստը չի կարող կոմպենսացվել նոր բռնակցված տարածքներով... չէ որ դրանից հետո պետք է կեղեքված տնտեսությունը, հուսալքված ու կատաղած ժողովրդին ապրեցնել: Մյուս կողմից, Ղրիմից բացի, մնացած բռնակցված տարածքները այնքան էլ մեծ ստրատեգիական նշանակություն չունեն: Հույսը դնելով միայն իր միջուկային հզորությունների վրա ̀ Ռուսաստանը այսօր բավականին ամբիցիոզ պլաններ է ներկայացնում ամբողջ աշխարհին, ինչպիսին Մաքսային միությունն է, որը կայանալու դեպքում De Fakto կհանդիսանա ԽՍՀՄ-ի իրավահաջորդը: Տոտալիտար կառավարման մոդելով նոր միությունը, փաստորեն լուրջ կդանդաղեցնի կամ ի սպառ կբացառի վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ժամանակ առ ժամանակ դանդաղ, բայց հաստատուն ընթացող գլոբալիզացիայի գործընթացը: Իսկ դա հաստատ թույլ չեն տա ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ աշխարհաքաղաքական առումով իրենից ինչ-որ բան ներկայացնող որևէ այլ երկիր:
Այս զարգացումների համատեքստում չմոռանանք նաև Չինաստանը, որը ըստ իս լուրջ շանսեր ունի, նման տեմպերով զարգանալու դեպքում, տարիներ անց դառնալու երկրագնդի ղեկավարման վահանակի, այսպես կոչված, սենյակը: Չինաստանը, այսօր լինելով Ռոսաստանի երբեմնի հենարաններից մեկը ԱՄՆ-ին ու Եվրոպային սաստելու գործում, «գլուխը կախ» իր արդյունաբերությունն է զարգացնում, տնտեսապես հզորանում ու նույնիսկ դույզն-ինչ չի էլ փորձում միջամտել զարգացումներին՝ անգամ կարծիք հայտնելու տեսքով: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը ևս մեկ ֆրոնտով միայնակ մնաց աշխարհի դեմ:
Հաշվի առնելով պատմության ընթացքը՝ կարելի է գալ այն եզրակացության, որ հայերիս համար ձեռնտու է Ռուսաստանի ծայրաստիճան թուլացումը, քանի որ երբ նույնիսկ հպանցիկ հայացք ես գցում պատմությանը, դեռևս ոչ մի պետությունն այսպես կոչված «Ռուսաստանի ձեռքի տակ» չի զարգացել տնտեսությամբ, ինչպես հենց ինքը Ռուսաստանը, որը միայն ռազմական հզորությունների զարգացմանն ու առաջխաղացմանն է զարկ տալիս՝ աշխարհը պահելով անընդհատ լարվածության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/727465173959983
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել