Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո իրենց համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմն այն հարցն է, որին չի կարելի անդրադառնալ պատմությունից մեկուսացված: Վերջինս խոսքերով՝ բոլորն էլ հասկանում են, որ Ղրիմը Ռուսաստանի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ֆոլկլենդյան կղզիները Մեծ Բրիտանիայի համար: Լավրովը, զուգահեռներ տանելով Կոսովոյի և Ղրիմի միջև, ասել է մասնավորապես հետևյալը. «Եթե մեր արևմտյան գործընկերները ասում են, որ Կոսովոյի դեպքն առանձնահատուկ է, ապա մենք դրան պատասխանում ենք` ասելով, որ Ղրիմի դեպքն «առավել առանձնահատուկ է», քանի որ այն հնարավոր չէ դիտարկել առանց պատմական կոնտեսքը հաշվի առնելու»:
Մի՞թե միջազգային հանրության շրջանում տարածքային հակամարտությունները լուծելիս արդեն խոսում են պատմական կոնտեքստը հաշվի առնելու մասին: Իհարկե, խոսում են: Շատ ավելի ուրիշ գործոնների մասին էլ կխոսեն, երբ այդ հակամարտության ուղղակի շահագրգիռ կողմ է լինում գերտերություն:
Դե ինչ ասեմ, եթե Ղրիմի դեպքն առավել առանձնահատուկ է, քան Կոսովոյինը, ապա Արցախի դեպքն էլ, իր հերթին, շատ ավելի առանձնահատուկ է, քան Ղրիմինը, քանի որ հայերն այդ երկրամասում լինելով բնիկներ, ունեն ոչ միայն պատմական և բարոյական իրավունք Արցախում ապրելու և ինքնուրույն տնօրինելու իրենց կենսագործունեությունը, այլև դրա համար ունեն նաև անթերի իրավական հիմքեր: Բայց ո՞վ է միջազգային հանրության շրջանում խոսում մեր բացառիկ և անթերի իրավունքների մասին: Ոչ ոք: Նույնիսկ Ռուսաստանը, ով այս օրերին դարձել է ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության իրավունքի ջատագով և պատմական արդարության վերականգնման փարոս:
Հասկանալի է, որ այժմ Ռուսաստանը գործում է նույն «երկակի ստանդարտների» տրամաբանությամբ, որոնցով որ վերջին տասնամյակներում առաջնորդվում է Արևմուտքը, և Ղրիմից հետո այս «ազատագրական» ոգին կթուլանա, բայց Հայաստանը պետք է ատամներով կառչի մեր օգտին միջազգային հարթակում տեղի ունեցող բոլոր զարգացումներից: Ղրիմի հանրաքվեից հետո պետք է մեր դիվանագիտությունը ակտիվորեն աշխատի: Կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի, եթե ոչ ուղղակիորեն անդրադառնալով հենց Ղրիմին, պաշտոնապես ողջունել ցանկացած ժողովրդի, ով նախընտրում է իր կամաարտահայտման միջոցով որոշել իր ապագան: Պետք է այնուհետև կուլիսների ետևում աշխատել Ռուսաստանի հետ, և գնահատել Ռուսաստանի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչման հնարավորությունները:
Բանն այն է, որ անկախ նրանից մեզ կհաջողվի ավելի բարենպաստ պայմաններում հայտնվել Արցախյան բանակցություններում, թե՝ ոչ, պետք է ինտենսիվորեն աշխատել այդ ուղղությամբ, քանի որ ցանկացած քաոս և կամ էլ փոփոխություն միջազգային հարաբերություններում, իր հետ ստեղծում է հնարավորություններ: Այդ փոփոխությունների ընթացքում կա՛մ հայտնվում ես ավելի վատ վիճակում, կա՛մ էլ բարելավում ես ունեցածդ դիրքերը: Հուսանք, որ մեր դեպքում կլինի երկրորդ տարբերակը: