Որպես մարդ, ով արդեն մի քանի տարի է գրեթե ամեն օր ստիպված է կարդալ և ուսումնասիրել ադրբեջանական քարոզչություն, կարող եմ ասել, որ հայեր կան, որոնք ադրբեջանական քարոզչությունը 10 ադրբեջանական լրատվակայքից էլ լավ են տարածում։ Ստորև օրինակներ, ու վերջում էլ գրեմ, թե ինչն է, ըստ իս, խնդիրը.
Օրինակ Ա. Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական ամերիկաբնակ Ժիրայր Լիբարիդյանը հոդված է գրում, որտեղ համեմատում է Մեծ Եղեռնը Խոջալուի բնակիչների սպանության հետ. «Իր թոռնուհու ձեռքը բռնած ադրբեջանցի տատիկը պակա՞ս տատիկ է, իսկ թոռնուհին պակա՞ս թոռնիկ է, ինչ է թե՝ ադրբեջանցի են»։ Սա սոփեստական հնարք է, երբ մի քանի մասնավոր և ճշմարիտ նախադրյալներին հետևում է կեղծ եզրակացությունով ընդհանրացում։ Այսինքն՝
- (Քանի որ) մարդասիրական առումով՝ ադրբեջանական տատիկ = հայ տատիկ (երկուսն էլ տատիկ են, երկուսն էլ անօգնական են, երկուսին էլ չի կարելի սպանել).
- (Քանի որ) մարդասիրական առումով՝ ադրբեջանցի աղջիկ երեխա = հայ աղջիկ երեխա (երկուսն էլ աղջիկ երեխաներ, երկուսն էլ անօգնական, երկուսին էլ չի կարելի սպանել).
- (Ուրեմն) Խոջալի = 1915 = ցեղասպանություն:
Հասկանալի է, որ Թուրքիան ուռճացնում է Խոջալիի խաղաքարտը հատուկ Մեծ Եղեռնի թեման «չախելու» համար (միջինացված լսարանն իրադարձության կարևորության մասին դատում է ոչ թե այդ իրադարձության իրական մասշտաբով, այլ դրա շուրջ բարձրացված աղմուկի ուժգնությամբ)։ Պարզ է նաև այն, որ ադրբեջանցի թուրքերն էլ իրենց հերթին փորձում են այդ խաղաքարտով «ջրել» 1988-ից առ այսօր հայ խաղաղ բնակիչների դեմ կատարած ու կատարվող բոլոր հանցագործությունները՝ սկսած Սումգայիթի կոտորածից, վերջացրած 70-ամյա հոգեկան հիվանդ հայ ծերունու խոշտանգումներով։ Մի խոսքով՝ թուրքերի գործողություններն իրենց շահերից են բխում ու տրամաբանական են։
Ու երբ ազգանունով հայ մեկը, ոչ միայն վերահեռարձակում է այդ քարոզչությունն, այլ դեռ մի բան էլ այն ավելի համոզիչ դարձնելու համար փորձում է թաքցնել կեղծ տրամաբանական «հիմնավորումները» հուզական-մարդասիրական քողի տակ, ապա նորմալ մարդու մոտ զզվանքից ու վրդովմունքից բացի, այլ զգացմունք առաջանալ չի կարող։ Սակայն ավելի զզվելի է այն, որ հայկական մի լրատվակայք էլ Լիբարիդյանի քարոզչական տեքստը թարգմանում է հայերեն ու հրապարակում է. «1915 թվականն ու Խոջալուն․ ինչո՞վ է հայից պակաս ադրբեջանցի տատիկը» վերնագրով։
* * *
Օրինակ Բ. Փարիզաբնակ մի հայ Ֆեյսբուքում հրապարակում է Սերժ Սարգսյանին ծաղրող ադրբեջանական մի ծաղրանկար՝ ադրբեջաներեն տեքստերով։ 21 հայ օգտատեր հավանություն է տալիս այդ նկարին, իսկ տասնյակից ավելի մեկնաբանություններից միայն մեկի հեղինակն է ուշադրություն դարձնում ծաղրանկարի՝ ադրբեջանական քարոզչություն լինելու փաստի վրա, ինչը սակայն չի խանգարում, որ հրճվանքը շարունակվի։
* * *
Ոռին Անընդունելին բնավ այն չէ, որ մարդը փորձում է Խոջալուի (իսկ ավելի ճիշտ՝ Աղդամի, քանի որ զոհերի հիմնական խումբն այն ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Աղդամի մատույցներում է սպանվել) իրադարձությունների մասին խոսել, կամ էլ Սերժ Սարգսյանին, մեղմ ասած, չի սիրում։ Անթույլատրելին թշնամու քարոզչությունը լուրջ ընդունելն է, առավել ևս՝ այն տարածելը, էլ չասեմ՝ դրանով հրճվելը, ինչը ոչ թե քաղաքացիական համարձակության, այլ ոչխարության նշան է։
Ո՞րն է խնդիրը։ Այս մասին հաճախ եմ ասում, հիմա էլ ասեմ. ըստ իս, ականջ քաշելու մշակույթի վերանալն է։ Որովհետև կան արարքներ, որոնք անիմաստ է երկար-բարակ քննարկել ու «կարծիքներ քննարկել»։ Որովհետև կան ոչխարներ, որոնց որևէ բան բացատրելն անիմաստ է. այդպիսինների անասնացման զսպող միակ գործոնը քացու տակ ընկնելու վախն է։ Եւ ինչքան ավելի հանդուրժող ենք դառնում այսպիսի երևույթների հանդեպ, այնքան ոչխարությունն ավելի է գլուխ բարձրացնելու։