Որևէ քաղաքական ուժի կողմ քար նետել չեմ ուզում, քավ լիցի, հարգում եմ բոլորին էլ, թեև ոչ մեկին էլ չեմ հարում, սակայն ինձ համար, օրինակ, անհասկանալի է՝ ինչպես կարող են համագործակցել ասենք գաղափարական աջ կամ չափավորական հայացքներ ունեցող քաղաքական ուժերը ավելի քան հարյուր տարի սոցիալիստական համոզմունքներ ունեցող կուսակցության հետ, որն, ի դեպ, պատմության մեջ բազմիցս փաստել է, որ պատրաստ է գնալ նաև ծայրահեղ միջոցների: Նման համագործակցության մեջ չի կարող լինել գաղափարական ընդհանրություն գոնե խորքային կամ հիմնարար ձևով: Դուրս է գալիս, որ այդօրինակ համագործակցությունն այլ բան չէ, քան ուղղակի բիզնես-կոնտրակտը ներկա պահին շահերի փոխադարձաբար համաձայնեցմամբ, որն ինչպես համաշխարհային պատմության մեջ, այնպես էլ մեր իրականության մեջ է բազմիցս ապացուցվել, երկարատև լինել չի կարող ու մի տեսակ նման է «լաթակարկատ կայսրության»:
Իմ համոզմամբ, կուսակցությունները, քաղաքական ուժերը կարող են միավորվել գոնե նվազագույն քաղաքական-գաղափարական հենքով և ոչ թե առօրեական պահանջների թելադրանքով, շահերի փոխշահավետ համընկնմամբ, ի վերջո այլևայլ ուժերին, լինի ներքին կամ արտաքին, սպասարկելու համար:
Նույնիսկ եթե նման միավորման կենտրոնում ուժեղ ու խարիզմատիկ առաջնորդն է, ով ի զորու է սեփական անձնական հեղինակությամբ ու խարիզմայով իր հետևից տանելու հազարավորների, միևնույնն է, այն ընդամենը կախված ու կլինի այդ անհատից, իսկ վերջինիս չլինելու դեպքում ակնթարթորեն կկազմալուծվի ու կդադարի որպես կենսունակ օրգանիզմ գոյություն ունենալուց: Իսկ վերջում էլ կստացվի կարապի խեցգետնի ու գայլաձկան հայտնի կռիլովյան առակի անալոգը քաղաքական ներկայիս մեր իրականության մեջ, որի առաջին ակորդներն արդեն նկատելի են ու թերևս ուժեղ ու խարիզմատիկ առաջնորդի ներկայությամբ է, որ «սվաղվում են» ընդհանուր մեղեդայնության մեջ ու լուրջ հետևանքների չեն բերում` խորանալով ու դիսոնանս ստեղծելով ընդհանուր մեղեդու մեջ: