Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են բուռն քննարկել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Ղրիմի խնդիրը: Գաղտնիք չէ, որ Ղրիմի թերակղզում Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը և երկրամասի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալը մեծ անհանգստություն է առաջացնում հարևան երկրում: Ադրբեջանական ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել հետևյալ շեշտադրումներին.
1.Մոսկվան բացեիբաց սկսում է պաշտպանել ազգերի ինքնորոշման իրավունքը՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը մղելով ետին պլան:
2.Ղրիմում անցկացվում է հանրաքվե՝ չնայած, որ Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում երկրի որևէ շրջանի անկախացումը հանրաքվեի միջոցով: Ադրբեջանի սահմանադրության մեջ նույնպես այդպիսի կետ գոյություն չունի, սակայն Ղրիմի նախադեպից հետո հայերի դիրքերը զգալիորեն կուժեղանան:
3.Ռուսները չեն սահմանափակվի միայն Ղրիմով, այլև կփորձեն իրենց ազդեցության տակ վերցնել նաև այլ շրջաններ, և այսպիսով նախադեպ կստեղծեն, որ Ղարաբաղի շրջակա ազատագրված տարածքների վերադարձը դուրս գա օրակարգից:
4.Ղրիմի ճգնաժամն անխուսափելիորեն կբերի Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր առճակատման, ինչի հետևանքով Ղարաբաղի շուրջ բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, իսկ բազմամյա ջանքերի գնով ձեռք բերված որոշ համաձայնագրեր, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքները կարող են վերանայվել:
5.Մոսկվան բազմիցս դեմ է արտահայտվել Կոսովոյի անկախացմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխություններին ու նոր սուբյեկտների ձևավորմանը. այսինքն՝ պաշտոնապես քննադատել է անջատողական տրամադրությունները՝ հաշվի առնելով նաև սեփական տարածքում առկա Չեչնիայի խնդիրը: Իսկ այժմ ռուսները կոպիտ խախտում են այլ երկրի տարածքային ամբողջականությունը, այսպիսով, կամա թե ակամա, օժանդակություն ցուցաբերելով այլ օկուպացիոն ռեժիմներին ու երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Հետևաբար Մոսկվան այլևս չի կարող ղարաբաղյան բանակցային գործընթացում հանդես գալ որպես օբյեկտիվ միջնորդ, և անհրաժեշտ է, որ Ադրբեջանի պետական կառույցներն այս հարցը բարձրացնեն միջազգային հարթակներում: Եվ վերջապես Ռուսաստանի նոր կայսերական նկրտումների համատեքստում Ղարաբաղը կվերածվի Ադրբեջանի վրա հավելյալ ճնշում գործադրելու լուրջ լծակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել