Պուտինի հարցազրույցը կարեւոր վերլուծություններ անելու հիմք է. Հայաստանի մերօրյա ռազմավարական տիրակալ Ռուսաստանի ղեկավարի ասածները մեզ պետք է մտորելու եւ հետեւություններ անելու տեղիք տան: Խոսքը միայն հոգեբանական վերլուծության մասին չէ: Այլ թե ինչ տրամաբանությամբ է մոտենում այս մարդը Ռուսաստանի հարեւան ժողովուրդներին:
Ամենամտահոգիչ արտահայտություններից մեկն այն էր, որ նա հաշվում էր Ռուսաստանում աշխատող 3 միլիոն ուկրաինացիների՝ Ուկրաինա ուղարկած փողերը: Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում իշխող մեծապետական շովինիստները կարծում են, կամ առնվազն ուզում են այդպես ցույց տալ, որ մեծ բարեգործություն են անում, երբ նախկին սովետմիության հարեւան երկրների քաղաքացիներին թույլ են տալիս Ռուսաստանը շենացնել... Այդ դեպքում ինչու են «հայրենակիցներին աջակցության ծրագրեր» իրականացնող գրասենյակներ հիմնում, օրինակ՝ Հայաստանում ու հսկայական միջոցներ ծախսում՝ ֆինանսավորելու համար աշխատուժի արտագաղթը դեպի Ռուսաստան: Թե՞ այդ մարդիկ մեծապետական շովինիստների համար լոկ ճորտեր են: Ակնհայտ է, որ տարալեզու խոպանչիների ստեղծած ՀՆԱ-ի ծավալները, նաեւ Ռուսաստանում ծախսված գումարները մի կարգ ավելին են, քան թե այդ երկրից դուրս արտահոսած տրանսֆերտների ծավալը:
Մնում է հարց տալ պարոն Պուտինին. Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից, Միջին Ասիայից եւ նախկին սովետմիության այլ երկրներից Ռուսաստան եկած խոպանչիները, եթե մի օր ետ վերադառնան՝ Ռուսաստանում այդքան օյաղ մարդ կգտնե՞ք, որ նրանց փոխարեն աշխատեն շինարարություներում, շուկաներում, առավելեւս՝ գրասենյակներում: