Մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր, եւ նույնիսկ կիսանկախ վիճակում Հայաստանը երբեք այնքան կախված չի եղել մեկ այլ երկրի քմահաճույքից, որքան այսօր: Հայաստանի ռազմավարական հիմնական գործընկերը, այսօրվա դրությամբ, իրոք որ Ռուսաստանն է: Սակայն դա դեռ ոչինչ չի երաշխավորում Հայաստան պետության անվտանգության համար, քանի որ հիմնական գործընկեր դեռ չի նշանակում վստահելի: Իսկ վստահելի չլինելը նա ապացուցել է, եւ ոչ մեկ անգամ: Իմ խորին համոզմամբ անցած դարասկզբի հայոց ցեղասպանությունը՝ որպես այդպիսին ու այդ մասշտաբներով չէր լինի, եթե չլինեին Ռուսաստանի կայսրության հիրավի արկածախնդրական (այլ կերպ դժվար է բնորոշել) քայլերը Արեւմտյան Հայաստանում: Արկածախնդրական՝ հայերի համար, իսկ ռուսների համար սովորական մարտավարություն, որ բխում է իրենց շահերից: Ցանկացած օտար միջամտություն, որքան էլ որ այն բարեկամական ընկալվի, անշահախնդիր չէ, հատկապես Ռուսաստանի պարագայում: Թուրքիայի նման ցեղասպան պետությունը չէր հանդուրժելու մի ազատասեր ազգի, որը հպատակ լինելով իրեն՝ անկախություն ձեռք բերելու նպատակով պատերազմի ժամանակ օգնում է իր հակառակորդին, եւ առիթ կփնտրեր, որպիսի այդ հակառակորդի հովանավորության առաջին իսկ բացակայության պարագայում ազատվի այդ ազգի գոյությունից: Հայերը, աչքի առաջ ունենալով այդ հեռանկարը, մշտական կոտորածներից վերջապես ազատվելու եւ անկախությունը վերականգնելու հույսով արդարացիորեն գնացին ապստամբության ճանապարհով՝ հենվելով ռուսական աջակցության վրա: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ աջակցությունը խաբուսիկ էր: Իսկ թուրքական հանցագործ պետությունը, որի նպատակը, ի տարբերություն շատ այլ նվաճողների, դարեր շարունակ եղել էր գրավված տարածքների բնիկ ազգաբնակչության իսպառ բնաջնջումը, չէր կարող բաց թողնել մեծ առիթը: Սա չի նշանակում, թե Ռուսաստանի “հովանավորությունը” եթե չլիներ, ցեղասպանություն չէր լինի: Կլիներ: Մեր տարածաշրջանում ռուսական գործոնը անկասկած ապահովության հույս էր հայեր համար, սակայն Ռուսաստանի ոչ ադեկվատ, անկայուն քայլերը հակառակ էֆեկտը ունեցան եւ մի քանի անգամ արագացրեցին հայերի բնաջնջման գործընթացը: Եթե այդպես չէ, հապա ինչու Օսմանական պետության գոյության շուրջ 400 տարիների ընթացքում այնքան հայ չկոտորվեց, ու այնքան բնօրրաններ չկորցրեց, որքան 1895-1923 թվականներին: Հիշեցնեմ, որ հատկապես այդ տարիների հետ են համընկնում Ռուսաստանի ակտիվ նվաճողական քայլերը Արեւմտյան Հայաստանում: Ռուսաստանը ռազմավարական շահեր ուներ ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ այլ վայրերում, եւ բնականաբար այնքան էլ զարմանալի չէր, որ մի գեղեցիկ օր ինչ-ինչ հանգամանքների բերումով կարող էին ռուսական զորքերը ետ քաշվել, տեղափոխվել մեկ այլ վայր եւ հայերին թողնել ոխերիմ թշնամու դեմ միայնակ ու անզեն: Ռազմավարական գործընկեր կոչվածը նահանջելիս նույնիսկ չէր էլ ցանկանում գոնե իր զենքն ու զինամթերքը տալ դաշնակից հայերին՝ ինքնապաշտպանության համար: Ռուսաստանին տարածքներ էին պետք, իսկ թե որտեղ նա կշահեր ու որտեղ կկորցներ՝ վտանգի տակ դնելով նաեւ այդտեղ ապրող ու իրեն աջակցող ազգերի գոյությունը, իրեն չէր հետաքրքրում: Պատմական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը՝ կայսերական կամ խորհրդային կամ միգուցե այլ կարգավիճակով, հիմնականում մեր դաշնակիցն է եղել այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը չեն համընկել Թուրքիայի շահերին: Մեծ հաշվով դրանք երբեք չեին էլ կարող համընկնել, քանզի նրանք ստրատեգիական հակառակորդներ են մեր տարածաշրջանում: Սակայն թուրքական խորամանկ դիվանագիտությունը քանիցս ապացուցել է, որ ինքը զարմանալիորեն հաջող կարողանում է Ռուսաստանի աչքում երբեմն դաշնակից երեւալ ու օգտվելով իրեն ընձեռված առիթից՝ լուծել սեփական հաշիվները հայերի հետ՝ Ռուսաստանի անտարբեր հայացքի ներքո: Թեկուզ ակնհայտ է, որ Հայաստանը ցանկացած հանգմանքում միշտ էլ Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է եղել տարածաշրջանային այս մեծ պայքարում ու դա շատ լավ հասկացել ու հասկանում են նաեւ Ռուսաստանի բոլոր ժամանակների ղեկավարները, սակայն միշտ էլ փորձել են ի չարս օգտագործել հայերի հավատարմությունն ու նվիրվածությունը կամ ցույց տալ թե դա իրենց համար էական նշանակություն ունեցող գործոն չէ՝ Հայաստանից ավելի մեծ զիջումներ կորզելու նպատակով: Գլոբալ նպատակների իրագործման առումով այսօր այն տարիների համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն մեթոդները եւ ձեւերը: Այսօր Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որը իր տարածքում դաշնակից պետության ռազմական հենակայանի տեղակայման դիմաց ոչ միայն գումար չի վերցնում, այլեւ մի բան էլ դեռ ինքն է հոգում նրա գրեթե բոլոր ծախսերը: Այս արտառոց երեւույթի պատճառը ակնհայտորեն մեկն է, Հայաստանի ղեկավարությունը վախ ունի, որ հակառակ պարագայում ռուսները կհեռանան այստեղից եւ մենք կզրկվենք հզոր ռազմական հովանավորությունից: Սա իրականում զուտ հոգեբանակ ան գործոն է, որովհետեւ մինչ օրս, թե կայսերական Ռուսաստանի օրոք, թե ԽՍՀՄ օրոք, թե ներկայումս երբեք, այստեղ տեղակայված ռուսական զինվորական համակազմը հայերին սպառնացող վտանգին համարժեք չի արձագանքել, ընդհակառակը այդ համակազմը հաճախ օգտագործվել է բոլորովին այլ նպատակներով, հիշենք թեկուզ արցախյան շարժման տարիներին Երեւանում ու Արցախում խորհրդային (ըստ էության՝ ռուսական) զորքերի մեղմ ասած հակահայկական քայլերը: Դա են ապացուցում նաեւ այսօր Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ահա ժամեր առաջ ինչ է գրում ուկրաինական առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ unian.net-ը:
Ուկրաինայի համար ճակատագրական այս օրերին այդ երկրի տարածքում տեղակայված ռուսական զորքերը փակել են Ղրիմի օդանավակայանները տանող բոլոր ճանապարհները, բոլոր կենտրոնական մայրուղիները եւ տրանսպորտային հանգույցները՝ անհրաժեշտության պարագայում Ռուսաստանին ոչ ձեռնտու զարգացումների դեպքում ապահովելու համար օդով Ռուսաստանից անխափան ռազմական մատակարարումներին ու միջամտությանը: Ռուսական ռազմածովային ուժերի Ուկրաինայի տարածքում տեղակայված սեւաստոպոլյան ռազմակայանին պատկանող նավը Ղրիմ է բերել եւս շուրջ 700 զինված դեսանտայինների՝ առանց տարբերանշանների: Նպատակը պարզ է. Ռուսաստանը խառնակություն ստեղծելով Ուկրաինայում փորձում է իր ենթակայության տակ վերադարձնել Ղրիմը, իսկ գուցե նաեւ իրեն միացնել Արեւելյան Ոկրաինան: Ուկրաինան Հայաստանի նման ժամանակին մեծ արտոնություններ էր տվել իր երկրում ռուսական ռազմակայաններին՝ հատկապես Ղրիմում: Ու հիմա օգտվելով դրանից՝ Ռուսաստանը այն օգտագործում է ոչ թե ի նպաստ Ուկրաինայի, այլ բնականաբար ի նպաստ իր շահերի: Նույնն էր վիճակը նաեւ այստեղ մոտ 25 տարի առաջ՝ անկախո ւթյան վերականգնման տարիներին: Այսօր դեռեւս նման վտանգ չկա Հայաստանում, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ թեկուզ հենց վաղը Ռուսաստանի ղեկավարների գլխում չի ծագի թուրքերի կամ ադրբեջանցիների հետ գործարքի մեջ մտնելու մի նոր միտք, որն այնքան էլ անհավանական չէ՝ նույնիսկ այսօրվա զարգացումների պարագայում: Կամ էլ Հայաստանում իր ինչ-ինչ քաղաքական կամ տնտեսական շահերի համար խամաճիկ ռեժիմ հաստատելու կամ պահելու համար չի կիրառի նույն ուժը այստեղ՝ իբր հենց մեր կոչված ռուսական ռազմակայանի ուժերով: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե Ուկրաինական զարգացումները որքանով են ճիշտ կամ սխալ՝ մեր տեսանկյունից կամ ձեռնտու Հայաստանին: Քանի որ այդ զարգացումներից ու Ղրիմում իր ցեղակից թաթարների ակտիվանալուց հետո Ղրիմի ապագայի հանդեպ մեծացել է նաեւ Թուրքիայի հետաքրքրությունը՝ հայտնի պատճառով: Վիճելի է նաեւ այն հարցը թե պատմական ու բարոյական տեսակետից ում իրավասության տակ պետք է լինի Ղրիմը: Այստեղ խոսքը միայն այն մասին է, որ Ռուսաստանը նախկին խորհրդային մի շարք երկրներում փաստացիորեն նույն ձեռագրով ստեղծում է հակամարտություններ ու դրանով փ որձում միջամտել ու իր թելադրանքի տակ պահել այդ երկրներին: Ուկրաինայի եւ Հայաստանի շուրջ քաղաքական իրավիճակները արմատապես տարբեր են, սակայն… Սակայն մի բան հաստատ համընկնում է: Ռուսաստանի կայսրապետական ձգտումները ամեն դեպքում երբեք չեն բխել ու այսօր էլ չեն բխում Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության շահերից: Հայաստանը Ռուսաստանի քիչ թե շատ աջակցությունն է վայելել ու քիչ թե շատ ապահով զգացել միայն այն ժամանակներում, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ են եղել չափավոր հայացքների տեր, առաջադեմ (չասենք ժողովրդավար, որովհետեւ ժողովրդավարությունը ռուսական մտածելակերպին խորթ երեւույթ է) ու նաեւ իրենց ազգային իրական շահը գիտակցող քաղաքական գործիչներ: Հայաստանը Ռուսաստանի հետ կարող է իրական գործընկեր դառնալ միայն միջպետական հարաբերությունների համեմատաբար հավասար ու փոխադարձ ձեռնտու պայմանների դեպքում, ինչպես էր օրինակ ելցինյան Ռուսաստանի օրոք էր: Մեծ եղբոր ու առավել եւս տիրոջ ու ծառայի հարաբերությունը Հայաստանի պետականության հերթական կորստի սկիզբը կդառան՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Միայն ու միայն Հայաստանի լիարժեք քաղաքական անկախությունը կարող է երաշխավորել հայ ժողովրդի ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգությունը: Եւ ինչ էլ որ ասեն մեր որոշ պնակալեզ , սա անհերքելի ճշմարտություն է՝ ապացուցված նաեւ մեր իսկ ոչ հեռավոր անցյալով: Ուկրաինական իրադարձությունների դրական ազդեցությունը Հայաստանի վրա թերեւս կարող է լինել այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը գոնե առժամանակ հետ կկանգնի մեր ուղղությամբ ռուսական կայսրությունը վերականգնելու հիվանդագին մտքից, եւ Հայաստանի առողջ ուժերը կարող է ժամանակ շահել ու ստիպել ուղղել պետական մակարդակով արված սխալները՝ անկախության մնացած այս փոքրիկ մասն էլ բաժնետոմսերի 20 տոկոսի նման առանց որեւէ խղճի խայթի Ռուսաստանին հանձնելու եւ ամբողջովին կերակուր դառնալու հեռանկարից խուսափելու համար: Քանի որ բոլորին է հայտնի է՝ կերակուրը մարսվելուց հետո այլեւս ոչ մեկին չի հետաքրքրի ու արդեն ընդամենը մի ճանապարհ կունենա դուրս գալու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել