Մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր, եւ նույնիսկ կիսանկախ վիճակում Հայաստանը երբեք այնքան կախված չի եղել մեկ այլ երկրի քմահաճույքից, որքան այսօր: Հայաստանի ռազմավարական հիմնական գործընկերը, այսօրվա դրությամբ, իրոք որ Ռուսաստանն է: Սակայն դա դեռ ոչինչ չի երաշխավորում Հայաստան պետության անվտանգության համար, քանի որ հիմնական գործընկեր դեռ չի նշանակում վստահելի: Իսկ վստահելի չլինելը նա ապացուցել է, եւ ոչ մեկ անգամ: Իմ խորին համոզմամբ անցած դարասկզբի հայոց ցեղասպանությունը՝ որպես այդպիսին ու այդ մասշտաբներով չէր լինի, եթե չլինեին Ռուսաստանի կայսրության հիրավի արկածախնդրական (այլ կերպ դժվար է բնորոշել) քայլերը Արեւմտյան Հայաստանում: Արկածախնդրական՝ հայերի համար, իսկ ռուսների համար սովորական մարտավարություն, որ բխում է իրենց շահերից: Ցանկացած օտար միջամտություն, որքան էլ որ այն բարեկամական ընկալվի, անշահախնդիր չէ, հատկապես Ռուսաստանի պարագայում: Թուրքիայի նման ցեղասպան պետությունը չէր հանդուրժելու մի ազատասեր ազգի, որը հպատակ լինելով իրեն՝ անկախություն ձեռք բերելու նպատակով պատերազմի ժամանակ օգնում է իր հակառակորդին, եւ առիթ կփնտրեր, որպիսի այդ հակառակորդի հովանավորության առաջին իսկ բացակայության պարագայում ազատվի այդ ազգի գոյությունից: Հայերը, աչքի առաջ ունենալով այդ հեռանկարը, մշտական կոտորածներից վերջապես ազատվելու եւ անկախությունը վերականգնելու հույսով արդարացիորեն գնացին ապստամբության ճանապարհով՝ հենվելով ռուսական աջակցության վրա: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ աջակցությունը խաբուսիկ էր: Իսկ թուրքական հանցագործ պետությունը, որի նպատակը, ի տարբերություն շատ այլ նվաճողների, դարեր շարունակ եղել էր գրավված տարածքների բնիկ ազգաբնակչության իսպառ բնաջնջումը, չէր կարող բաց թողնել մեծ առիթը: Սա չի նշանակում, թե Ռուսաստանի “հովանավորությունը” եթե չլիներ, ցեղասպանություն չէր լինի: Կլիներ: Մեր տարածաշրջանում ռուսական գործոնը անկասկած ապահովության հույս էր հայեր համար, սակայն Ռուսաստանի ոչ ադեկվատ, անկայուն քայլերը հակառակ էֆեկտը ունեցան եւ մի քանի անգամ արագացրեցին հայերի բնաջնջման գործընթացը: Եթե այդպես չէ, հապա ինչու Օսմանական պետության գոյության շուրջ 400 տարիների ընթացքում այնքան հայ չկոտորվեց, ու այնքան բնօրրաններ չկորցրեց, որքան 1895-1923 թվականներին: Հիշեցնեմ, որ հատկապես այդ տարիների հետ են համընկնում Ռուսաստանի ակտիվ նվաճողական քայլերը Արեւմտյան Հայաստանում: Ռուսաստանը ռազմավարական շահեր ուներ ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ այլ վայրերում, եւ բնականաբար այնքան էլ զարմանալի չէր, որ մի գեղեցիկ օր ինչ-ինչ հանգամանքների բերումով կարող էին ռուսական զորքերը ետ քաշվել, տեղափոխվել մեկ այլ վայր եւ հայերին թողնել ոխերիմ թշնամու դեմ միայնակ ու անզեն: Ռազմավարական գործընկեր կոչվածը նահանջելիս նույնիսկ չէր էլ ցանկանում գոնե իր զենքն ու զինամթերքը տալ դաշնակից հայերին՝ ինքնապաշտպանության համար: Ռուսաստանին տարածքներ էին պետք, իսկ թե որտեղ նա կշահեր ու որտեղ կկորցներ՝ վտանգի տակ դնելով նաեւ այդտեղ ապրող ու իրեն աջակցող ազգերի գոյությունը, իրեն չէր հետաքրքրում: Պատմական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը՝ կայսերական կամ խորհրդային կամ միգուցե այլ կարգավիճակով, հիմնականում մեր դաշնակիցն է եղել այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը չեն համընկել Թուրքիայի շահերին: Մեծ հաշվով դրանք երբեք չեին էլ կարող համընկնել, քանզի նրանք ստրատեգիական հակառակորդներ են մեր տարածաշրջանում: Սակայն թուրքական խորամանկ դիվանագիտությունը քանիցս ապացուցել է, որ ինքը զարմանալիորեն հաջող կարողանում է Ռուսաստանի աչքում երբեմն դաշնակից երեւալ ու օգտվելով իրեն ընձեռված առիթից՝ լուծել սեփական հաշիվները հայերի հետ՝ Ռուսաստանի անտարբեր հայացքի ներքո: Թեկուզ ակնհայտ է, որ Հայաստանը ցանկացած հանգմանքում միշտ էլ Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է եղել տարածաշրջանային այս մեծ պայքարում ու դա շատ լավ հասկացել ու հասկանում են նաեւ Ռուսաստանի բոլոր ժամանակների ղեկավարները, սակայն միշտ էլ փորձել են ի չարս օգտագործել հայերի հավատարմությունն ու նվիրվածությունը կամ ցույց տալ թե դա իրենց համար էական նշանակություն ունեցող գործոն չէ՝ Հայաստանից ավելի մեծ զիջումներ կորզելու նպատակով: Գլոբալ նպատակների իրագործման առումով այսօր այն տարիների համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն մեթոդները եւ ձեւերը: Այսօր Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որը իր տարածքում դաշնակից պետության ռազմական հենակայանի տեղակայման դիմաց ոչ միայն գումար չի վերցնում, այլեւ մի բան էլ դեռ ինքն է հոգում նրա գրեթե բոլոր ծախսերը: Այս արտառոց երեւույթի պատճառը ակնհայտորեն մեկն է, Հայաստանի ղեկավարությունը վախ ունի, որ հակառակ պարագայում ռուսները կհեռանան այստեղից եւ մենք կզրկվենք հզոր ռազմական հովանավորությունից: Սա իրականում զուտ հոգեբանակ ան գործոն է, որովհետեւ մինչ օրս, թե կայսերական Ռուսաստանի օրոք, թե ԽՍՀՄ օրոք, թե ներկայումս երբեք, այստեղ տեղակայված ռուսական զինվորական համակազմը հայերին սպառնացող վտանգին համարժեք չի արձագանքել, ընդհակառակը այդ համակազմը հաճախ օգտագործվել է բոլորովին այլ նպատակներով, հիշենք թեկուզ արցախյան շարժման տարիներին Երեւանում ու Արցախում խորհրդային (ըստ էության՝ ռուսական) զորքերի մեղմ ասած հակահայկական քայլերը: Դա են ապացուցում նաեւ այսօր Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ահա ժամեր առաջ ինչ է գրում ուկրաինական առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ unian.net-ը: