Անցյալ շաբաթը Պեկինի արդեն սովորականներից մեկն էր: Մարդկանց խոսակցության միակ թեման ծխամառախուղն էր: Չորեքշաբթի գիշերը տեղացած անձրևից հետո գրանցված ժամանակավոր դադարը մարդկանց ստիպեց էլ ավելի պարզ հասկանալ, թե որքան վատ էր ամեն ինչ ընթացել մինչ այդ պահը: Ամերիկյան դեսպանատան տվյալներով՝ օդի որակի ցուցանիշը ուրբաթ առավոտյան կրկին զգալիորեն իջել էր և անփոփախ մնաց հանգստյան օրերի զգալի մասը:  

Չինաստանի առաջնորդներին հազիվ թե այս փաստը գոհացնի. չէ՞ որ նրանք ևս ստիպված են ապրել այնտեղ: Նախագահ Սի Ցզինպինն անցյալ շաբաթ համարձակություն հավաքեց և, չնայած ծխամառախուղին, այցելեց Պեկինի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը: 

Չինաստանի առաջնորդները վախենում են քաղաքացիական ընդվզումներից: Կենսամակարդակի արագընթաց բարձացումը, որ արդեն 3 տասնամյակ է տևում, օգնել է հասարակությանը պահել ներդաշնակ ու խաղաղ վիճակում: Սա Կոմունիստական կուսակցության սրտով է, սակայն Պեկինի թունավոր օդի պատճառով միջին խավը զայրացած ու ցինիկ պահվածք է դրսևորում: Այս բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ մենք հակված ենք եզրակացնել, որ Չինաստանի կարողունակ կառավարությունը կգտնի մայրաքաղաքի օդի մաքրման եղանակը: Այնուամենայնիվ, Պեկինում տեղակայված Gavekal Dragonomics հետազոտական կենտրոնը հինգշաբթի օրը վհատեցնող տվյալներ հրապարակեց: Հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ բավականին բարդ է լինելու լուծել խնդիրը:      

Անցյալ շաբաթվա խիտ ծխամառախուղի պատճառով Պեկինի երկինքը հազիվ է երևում

Թեպետ Պեկինում հաճախ են ճանապարհային խցանումներ լինում, աղտոտման միայն չնչին մասն է առաջացել մեքենաների պատճառով: Ըստ Սոցիալական գիտությունների չինական ակադեմիայի կատարած հետազոտության՝ մեքենաների արտանետումների հետևանքով օդն աղտոտվել է ընդամենը 4%-ով: Օդի աղտոտման իրական մեղավորը ծանր արդյունաբերությունն է: Պեկինի և շրջակա տարածքի PM2.5-ի (աննշան մասնիկներ, որ ամենից վտանգավոր են մարդկանց առողջության համար) 58%-ը գոյանում է ածխի այրման հետևանքով, իսկ ածուխ ամենից հաճախ այրում են էլեկտրաէներգիայի, պողպատի, ցեմենտի և աղյուսի արդյունաբերություններում: Այս մասին հաղորդել է Dragonomics-ը՝ հղում կատարելով Greenpeace-ի հետազոտության վրա:     

Չինաստանն արդյունաբերական հսկա է, որն արտադրում է ողջ աշխարհի պողպատի և ցեմենտի մոտ կեսը: Պողպատի արդյունաբերությունը կենտրոնացած է Պեկինի մոտակայքում գտնվող Հեբեյ նահանգում: Այսպիսով, Չինաստանի մայրաքաղաքը ողջ աշխարհի արդյունաբերական գործունեության ամենամեծ կոնցենտրացիաներից (կենտրոնացում) մեկի կիզակետում է:

Հեբեյ նահանգի մայրաքաղաք Շիցզյաչժուանը հաճախ գլխավորում է երկրի ամենաաղտոտված քաղաքների ցանկերը: Չինական ամսագրերից մեկում գրել են, որ քաղաքի բնապահպանական բյուրոյի տնօրենն անցյալ շաբաթ հրաժարական տվեց: Փաստորեն, նա մի տարուց էլ քիչ պաշտոնավարեց: Այս նահանգի առջև խնդիր դրվեց տարեկան 15 միլիոն տոննայով կրճատել պողպատի արտադրության ծավալը: Սակայն մինչ այժմ այն դժվարանում է իրականացնել այս առաջադրանքը, քանի որ ամեն տարի նոր պողպատաձուլարաններ են ավելանում, որոնց արտադրության ծավալը կազմում է տարեկան 30 միլիոն տոննա:  

Dragonomics-ի հաշվարկներով՝ կենտրոնական կառավարության կողմից հանձնարարված առաջադրանքը կատարելու համար հարկ կլինի ժողովրդի շրջանում գալիք 4 տարիների ընթացքում 10 տոկոսով նվազեցնել ածխի սպառումը: Սա անհավանական է թվում, քանի որ 2013 թ.-ին սպառման մակարդակը բարձրացավ 2.5 %-ով: Այդ թվականին օդի աղտոտման խնդիրն աննախադեպ ուշադրություն գրավեց, և կառավարությունը հանձն առավ նվազեցնել Չինաստանի տնտեսության կախվածությունը ծանր արդյունաբերությունից: Ածխի սպառումը նվազեցնելու համար հարկ կլինի էականորեն ընդլայնել էներգիայի մյուս աղբյուրները, օրինակ, բնական գազը, միջուկային էներգիան և ինքնավերականգնվող էներգիան: 2006 թ.-ին ածուխը հանդիսանում էր Չինաստանի էներգիայի 71%-ի աղբյուրը, իսկ անցյալ տարի՝ 65 %-ի: Այնուամենայնիվ, կրճատման այս տեմպը բավարար չէ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինչպես Dragonomics-ն է ասել.

- Փոփոխության ուղղությունը լավն է, սակայն փոփոխության տեմպը բավականաչափ արագ չէ:

Անգամ նոր գազատար խողովակաշար կառուցելու դեպքում անհավանական է, որ ածխի օգտագործումը մոտակա 4 տարիներին 3%-ից ավելի նվազի: Սա աղտոտման մակարդակի անէական կրճատման կհանգեցնի: Դե ինչ, մնում է պաշտպանիչ դիմակ ու հակագազ հագնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել