ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ առևտրային և ռազմական հարաբերությունները մինչև Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի լուծումը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ռուսաստանն ու Ուկրաինան պատմական ամուր կապեր ունեն, Ուկրաինայում ապրում են բազմաթիվ ռուսներ և Ռուսաստանի քաղաքացիներ, ինչպես որ Ռուսաստանում բնակվում են ուկրաինացիներ: Երկու երկրների միջև առկա են նաև ամուր առևտրական կապեր: Այս ամենը կարելի է ընդունել և հասկանալ, բայց Ռուսաստանը չպետք է անօրեն կերպով ուղարկի իր զինվորներին և խաթարի ամբողջ աշխարհում ընդունված հիմնական սկզբունքները: Հարց պրն. Պուտինին (ես նրա հետ բացեիբաց խոսել եմ) և ռուսական կառավարությանը. եթե նրանց անհանգստացնում են ուկրաինացիների իրավունքները, եթե նրանց անհանգստանցնում է, որ ռուսախոսները և Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուժել կամ նրանց հանդեպ կարող է խտրականություն դրսևորվել՝ մենք պետք է կարողանանք հիմնել միջազգային վերհսկողություն և տարբեր խմբերի միջև միջնորդություն և արդյունքում հասնենք այն գործարքին, որը ձեռնտու կլինի ուկրաինական ժողովրդին, ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, այլ ուկրինական ժողովրդին: Այս կերպ մենք կկարողանանք լուծել ստեղծված իրավիճակը: Ռուսաստանը կարող է երկու ճանապարհ ընտրել: Իհարկե, Ղրիմում տիրող իրավիճակը տագնապ է առաջացնում, Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին մեծաքանակ բանակ ունի: Բայց փաստ է մնում նաև այն, որ ժամանակի ընթացքում դա կարող է շատ թանկ արժենալ Ռուսաստանին: Ժամանակն է մտածել՝ Ռուսաստանը կարո՞ղ է հետևել իր հետաքրքրություններին՝ օգտագործելով միայն դիվանագիտությունը, այլ ոչ թե ռազմական ուժը:



