Ilur.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ «փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ»: Ըստ President.am-ի, Սարգսյանը բռնցքամարտիկին մաղթել է քաջառողջություն, երջանկություն «և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի ակտիվությունը վերջին շրջանում դրսեւորվում է հիմնականում ցավակցական կամ շնորհավորական հեռագրեր այս կամ այն երկրի առաջնորդին կամ հանրային գործչին ուղղելով:
Գերմանիայի (՛) դրոշի ներքո հանդես եկող` ծագումով հայ բռնցքամարտիկին շնորհավորելը, սակայն, մեղմ ասած` տարօրինակ է:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մարտի 1-ին` Ռոբերտ Շտիգլիցի հետ մարտում տարել է պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում իր հերթական` 39-րդ հաղթանակը: Առաջին անգամ Արթուրը IBF վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել հեռավոր 2005-ին` այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ընդամենը պաշտպանության նախարար էր ու հնարավորություն չուներ President.am-ով շնորհավորական հեռագիր ուղարկել աշխարհահռչակ մարզիկին:
Նշենք նաև, որ երեկ և այսօր Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետի օրվա առթիվ, շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ, շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին և ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին: