Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը այնպիսի ռեզոնանս առաջացրեց, որ ստիպեց միջազգային հանրությանը և հատկապես աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին ռեսուրսները կենտրոնացնել այդ ուղղությամբ: Դա, իհարկե, պատահական չէր. Արևելք-Արևմուտք դիմակայությունը, որն այս փուլում դրսևորվում է ինտեգրացիոն մրցավազքով, պայքարի սուր դրսևորում է ստացել Ուկրաինայում (իրադարձությունները տեղի են ունենում Ուկրաինայում` առաջին հերթին այդ երկրի աշխարհագրական դիրքից ելնելով):

Այս պահին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծման մի քանի տարբերակներ նշմարվում են, սակայն այս թեմայի շրջանակներում փորձենք անվտանգության տեսանկյունից դիտարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային պրոցեսների վրա:

Այս իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա անխուսափելի է: Այս պահին առավել կարևոր է այն դիտարկել երկու տեսանկյունից` սահմանագծին էսկալացիոն զարգացումների սպառնալիքի ու Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների:

Վերջին օրերին, հատկապես փորձագիտական դաշտում, քննարկվում է Հայաստանի` Ուկրաինայի նոր իշխանությունների հետ փոխհարաբերման հարցը: Փորձագետների մի մասը պնդում է, որ Հայաստանը չի կարող դիմակայել ՌԴ-ի ճնշումներին և ստիպված է լինելու, Ուկրաինայի հարցում Արևմուտքի կենսական շահերին հակասող դիրքորոշում արտահայտել:

Նման իրավիճակներում, հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, գրեթե փակուղային թվացող խնդիրներ են ստեղծվում, սակայն 2008 թվականի օգոստոսին` Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանը կարողացավ այնպիսի լուծումներ գտնել, ինչի արդյունքում ոչ ՌԴ-ի, որ Արևմուտքի և ոչ էլ հարևան Վրաստանի հետ հարաբերությունները ճգնաժամի չհանգեցրեցին (չնայած ճգնաժամն անխուսափելի էր թվում):

Դիվանագիտական կորպուսի շտապողականությունն այս հարցում հակացուցված է, իսկ սպասողական քաղաքականությունը` արդարացված: Հույս ունենանք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կկարողանա ճկունություն դրսևորել` խուսափելով անդառնալի հետևանքներից: Իսկ իրավիճակն իսկապես բավականին բարդ է:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որը արժանի է ուշադրության` սահմանագծին հնարավոր սպառնալիքների վտանգն է:

Կան իրավիճակներ, ինչից Ադրբեջանը մշտապես օգտվում է` առաջնագծում կտրուկ ակտիվանալու համար: Առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին. սրա ընդգծված օրինակ է 2008 թվականի հետընտրական փուլը, երբ Երևանում տեղի ունեցած մարտիմեկյան իրադարձությունների օրերին, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը` թվով 50-60 զինծառայող, գրոհ սկսեցին Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Արդյունքում հայկական ուժերին հնարավոր եղավ հետ մղել հակառակորդին` ստիպելով նահանջել, սակայն խուսափել առաջնագծում լարվածության կտրուկ ակտիվացումից` չհաջողվեց: Ընդ որում` այդ լարվածությունը մի քանի ամիս պահպանվեց:

Երկրորդ, ադրբեջանական կողմի գործողություններում կտրուկ ակտիվություն է նկատվում, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված է լինում աշխարհի որևէ թեժ կետում: Ադրբեջանի համար առավել նպաստավոր է հատկապես այն հանգամանքը, որ միջնորդ երեք երկրներն էլ` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները, այս պահին զբաղված են Ուկրաինայի ճգնաժամով:

Նկատենք, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների օրերին, Ադրբեջանը սահմանագծին գործի էր դրել ոչ միայն դիվերսիոն ստորաբաժանումները, որոնք սահմանագծի այս կամ այն հատվածում լոկալ օպերացիաներ էին փորձում իրականացնել, այլ նաև դիպուկահար խմբերին:

Նման սպառնալիքների դեպքերում, որպես կանոն, հայկական կողմը առաջնագծում զգոնության բարձրացման ու սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, որոնք առաջնային նպատակ են ունենում կանխարգելելու հակառակորդի հնարավոր ագրեսիան՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել