Որպեսզի նախորդ գրառումս անհիմն չթվա, փորձեմ շատ համառոտ ամփոփել այն, ինչ ընդարձակ վերլուծություններով ներկայացվել է վերջին շրջանում հատկապես Իլուրում:
Ներկա քաղաքական իրավիճակը բնորոշվում է՝
1. Իշխանության դրական ասելիքի, հասարակության ուղղված ուղերձի կամ թեկուզ ակնարկի, իշխանական «առաջադիմական», «բարեփոխում վերեւից» նախագծի սպառվածությամբ, փաստացի ձախողմամբ: Սա նոր իրավիճակ է, միշտ չէ այսպես եղել: Մինչ այդ իշխանությունը փորձում էր ձեւակերպել, թեկուզ ակնարկների տեսքով, աչքով-ունքովի տեսքով ինչ որ «բարեփոխիչ» ասելիք: Նույնիսկ ամենավատ իշխանության գործունեությունն ու միասնությունը չի կարող լիարժեք շարունակվել, եթե չկա գոնե ձեւական ասելիք.
2. Իշխանական կառուցվածքային պոտենցիալ ճգնաժամով, որը կապված է իշխանության ժառանգության հարցի հետ: Սերժի «վարչապետացան» ծրագի՞ր, թե Սերժի ժառանգորդ, եւ, եթե վերջինը, ապա ո՞վ.
3. Վերնախավային ճգնաժամով: Խոշոր բիզնեսի եւ իշխող վերնախավի շահերի հակասումը խորանում է, ավելի արտահայտիչ է դառնում, եւ կարող է նոր փուլ մտնել, եւ քաղաքական ավելի վառ արտահայտույուն ստանալ կապված հետագա զարգացումներից: Ցայսօր հայաստանյան համակարգի ուժը եղել է խոշոր բիզնեսի եւ իշխող վերնախավի միասնությունը.
4. ԱԺ-ում աննախադեպ դասավորվածությամբ՝ ոչ իշխանական ուժերի ներկայանալի քանակով: Սուր իրավիճակում դա կարող է բերել իշխող ուժի քայքայմանը եւ ԱԺ-ում նոր մեծամասնության ձեւավորմանը.
5. Հրապարակային զանգվածային քաղաքականության նոր փուլի հնարավորությամբ, որի առաջատար ուժը կարող է դառնալ ՀԱԿ-ն իր նոր «վերադարձով»:
Այս ամենը նշանակում է նոր, ցայսօր չեղած իրավիճակ՝ իր նոր հնարավորություններով: Անշուշտ, խոսքն առայժմ հնարավորություների մասին է, եւ անշուշտ, այս աշխարհում դեռ ոչ ոք չի կարողացել երաշխավորել որեւէ քաղաքական իրավիճակի ելքը: Բայց իրավիճակը սա է: Գուցե սա հեռու է շատերիս հարազատ ռոմանտիկ, մշուշոտ պոեզիայից, այլ ոչ թե պատմությունից կամ կենդանի իրաանությունից փոխառած պատկերացումներից, թե ինչպես «պետք է լինի», բայց դա նույնիսկ ավելի լավ ու հուսադրող է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203313773989355?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել