Ուկրաինայում զարգացումները կայծակնային արագություն են ստանում, և արդեն մի քանի ժամվա տեղեկությունը կարող է խիստ հնացած համարվել: Այսօր առավոտվանից միանգամից մի քանի կարևոր տեղեկություններ իրար հաջորդեցին, որոնք հարկ է վերլուծել առանձին-առանձին, իսկ հետո կոնտեքստուալ:

1. Նախ հայտնի դարձավ, որ լուսադեմին Սիմֆերոպոլում գտնվող Ղրիմի Նախարարների խորհրդի և Ռադայի շենքերը գրավվել են զինված ստորաբաժանումների կողմից, ովքեր հրաժարվել են ներկայանալ, թե ովքեր են: Նրանց պատկանելիությունը հայտնի չէ անգամ Ղրիմի վարչապետին: Այժմ նրանց հետ բանակցում են, և նրանք բաց են թողել շենքերում հսկողություն իրականացնող ոստիկաններին ու պետծառայողներին, սակայն շենքերը չեն ազատել, իսկ շենքերի վրա ծածանվող ուկրաինական դրոշների փոխարեն հիմա ռուսական տրիկալորներ են:

Հիմքեր կան կասկածելու, որ սրանք ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումներ են: Բացի դրանից, Սիմֆերոպոլում ու Սևաստոպոլում սևծովյան նավատորմի օբյեկտների պաշտպանության պատրվակով, ռուսները բազաներից դուրս են հանել ԲՏՌ-ներ ու այլ ռազմական տեխնիկա, որոնց ուղեկցում են զինված զինվորականներ:

2. Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը անակնկալ մարտական պատրաստականության է բերել իր արևմտյան և կենտրոնական ռազմական օկրուգներում տեղակայված զորքերը, իսկ այսօր արդեն հաղորդվում է, որ արագ արձագանքման ստորաբաժանումները՝ օդադեսանտային ուժերը և ծովային հետևակը, արդեն գտնվում են տեղափոխման վայրերում ու բեռնվում են ինքնաթիռների ու դեսանտային նավերի մեջ, իսկ ռուս-ուկրաինական սահմանի ողջ երկայնքով նկատվում են զորքերի կուտակումներ:

Անկասկած է, որ սա իրական ռիսկ է հեղաշրջումն իրականացրած ուկրաինական ուժերի համար: Իհարկե, սա կարելի է նաև բլեֆ էլ համարել, սակայն, իմանալով Պուտինին ու հիշելով Վրաստանի օրինակը, չի կարելի բացառել, որ ցանկացած պահի Ռուսաստանը կարող է ռազմական ինտերվենցիա իրականացնել Ուկրաինա՝ որակելով դա որպես խաղաղարար օպերացիա:

3. Համացանցում հիմա ակտիվորեն տարածվում է իբր Յանուկովիչի կողմից արձակված ուկազի ռուսերեն թարգմանությունը, որով Յանուկովիչը հրամայում է հավատարիմ մնացած զինված ուժերին ու քաղաքական գործիչներին չճանաչել հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերին, ինչպես նաև զորահավաք է հայտարարում՝ լեգիտիմ իշխանությունները վերականգնելու համար:

Ըստ ամենայնի, սա ֆեյք է, ու Յանուկովիչը ոչ մի նման ուկազ չի հրապարակել, առավել ևս, որ ավելի վստահելի աղբյուրները տարածել են տեղեկատվություն, որ Յանուկովիչը հիմա Ռուսաստանում է, ու խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը և չի մերժվել: Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսական կողմը հանձն է առել ապահովել Յանուկովիչի պաշտպանությունը բացառապես ՌԴ տարածքում, բայց ոչ Ուկրաինայում, իսկ Յանուկովիչը, այնուամենայնիվ, չի ճանաչում գործող իշխանությունների լեգիտիմությունը և համարում է տեղի ունեցածը հեղաշրջում:

Հիմա բոլոր կողմերը մի պահ կանգ են առել ու կարծես թե լարված լռություն է՝ փոթորկից առաջ: Հասկանալի է, որ ռուսները սպասում են, որ բանդերականները հարմար առիթ կտան, որը կհանդիսանա կազուս բելլի, ու Ռուսաստանի ինտերվենցիան կլինի արդարացված (տարբեր ռուսական գործիչներ վերջերս հաճախակիորեն բերում են Կոսովոյի նախադեպը, երբ ՆԱՏՕ-ն առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման ներխուժեց Հարավսլավիա): Մյուս կողմից, ուկրաինական հանրությունը դուրս է գալիս շոկային վիճակից ու աստիճանաբար գիտակցում է, որ հեղաշրջման արդյունքները միանգամայն տարբերվում են իրենց ակնկալիքներից, ու հիմա Ուկրաինայում ակտիվորեն ընթանում է իշխանության ապակենտրոնացում ու ճամբարների բաժանում:

Միակ ուժը, որը գործում է կազմակերպված ու պլանավորված, դա աջ ծայրահեղականներն են, որոնք, սակայն, երեկվանից սկսել են հանդիպել լուրջ տեղային դիմադրության, մյուս կողմից, նրանք ևս չեն կարող անտեսել ռուսական գործոնը, ուստի միանգամից մի շարք հայտարարություններ են տարածել: Օրինակ՝ հայտարարվել է, որ նրանք չեն պատրաստվում ոտնձգություններ անել Ղրիմի ռուս բնակչության հանդեպ, Լվովում անց են կացվել ռուսաց լեզվի աջակցության միջոցառումներ, բայց մյուս կողմից էլ, Տյագնիբոկը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում վերադարձնել Ռուսաստանի պարտքը, քանի որ դա Յանուկովիչի պարտքն է, իսկ բացահայտ ֆաշիզմ քարոզող ու Պռավիյ Սեկտորի առաջնորդ Դմիտրի Յարոշին նշանակել են Ազգային անտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, ինչը նշանակում է, որ նոր իշխանությունները ուժային բլոկը դե ֆակտո հանձնում են բանդերականներին, ինչը անընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար, որը հայտարարել է, որ չի տրամադրի ոչ մի ֆինանսական օգնություն, եթե իշխանության գան աջ ծայրահեղականներ:

Ամեն դեպքում, իրավիճակի հետագա զարգացումների էպիկենտրոնը հիմա գտնվում է Ղրիմում, և հենց այնտեղից պետք է սպասել նորությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել