Փետրվարի 27-ի առավոտյան պարզ դարձավ, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի (ռադայի) և նախարարների խորհրդի շենքերը գրավվել են ռուսալեզու բնակչության կողմից: Թերակղզու ռուսալեզու համայնքը վարչական շենքերից իջեցրել է Ուկրաինայի դրոշները և փոխարենն այնտեղ այժմ ծածանվում են ռուսական դրոշներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ղրիմի ամբողջ տարածքում ռուսալեզու համայնքի կողմից կազմավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ և ուղարկվում վարչական կենտրոն` Սիմֆերոպոլ:
Հիշեցնեմ, որ երեկ Ղրիմի Գերագույն խորհրդի դիմաց հավաքվել էին երկու տարբեր խմբեր` մեկը պահանջում էր ինքնավար հանրապետության իշխանություններից չճանաչել Կիևի նոր իշխանություններին, իսկ մյուսը՝ ճիշտ հակառակը: Նշեմ, որ վերջին խումբը հիմնականում բաղկացած էր թաթար բնակչությունց: Արդարության համար պետք է նշել, որ ռուսախոսները, կամ էլ պայմանականորեն ասած ռուսամետները, երեկ թվով ավելի քիչ էին և ոչ այնքան ակտիվ, ինչքան թաթարները և եվրոպամետները: Երեկ նույնիսկ եղան բախումներ և երեք զոհ՝ ռուսամետների շրջանից: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք միանգամայն այլ պատկեր և երևում է, որ ռուսախոս համայնքը սկսում է լրջորեն ինքնակազմակերպվել: Վախենամ, որ սա արդեն կարող է դառնալ ազգամիջյան պայքար, և լրջորեն անկայունացնել իրավիճակը առաջին հերթին հենց թերակղզում:
Հենց այդ պատճառով շատ կարևոր է, որ հանկարծ պայքարը քաղաքականից չվերածվի էթնիկի, քանի որ դա կարող է հանգեցնել ուղղակի արտաքին միջամտության: Գրեթե վստահ եմ, որ առնվազն Թուրքիան անմասն չի մնա այդ հակամարտությունից և կփորձի ամեն կերպ աջակցել թաթարներին, իսկ այդ դեպքում Ռուսաստանի կողմից չեզոքություն սպասելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Այնպես որ, հուսանք, որ բանը դրան չի հասնի:
Վերադառնալով ներկայիս իրավիճակին`նշենք, որ սա միանգամայն սպասելի էր: Ռուսները այս թերակղզում պաշտոնապես կազմում են բնակչության ավելի քան 60%-ը, իսկ ռուսախոսները հասնում են շուրջ 80%-ի, այնպես որ, անհնար էր, որ առնվազն Ղրիմում ընդվզում չլիներ Կիևի նոր իշխանությունների դեմ, առավելևս երբ մայրաքաղաքից և արևմտյան շրջաններից սկսել են հնչել հակառուսական և ռասսիստական կոչեր, իսկ իշխանությունները խոսքերից անցում են կատարում նաև որոշ գործողությունների, հենց միայն եթե հաշվի առնենք այն, որ օրերս Գերագույն ռադան չեղյալ հայտարարեց «Տարածաշրջանային լեզուների մասին» օրենքը: Օրենքը չեղյալ հայտարարելու բացի, «Սվոբոդա» ազգայնական կուսակցությունը նույնիսկ առաջարկել էր դատել բոլոր այն մարդկանց, ովքեր կխոսեն ռուսերեն, և սա ասում էլ մի կուսակցություն, որը սպասվում է, որ կդառնա նոր կազմավորվող կառավարության մաս: