Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների և Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ամպագորգոռ հայտարարեց, թե հայերը և հույները ընդհանուր պատմություն և արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են, և պետք է միասին պայքարեն թուրքական ժխտողականության դեմ: Այո՛, պետք է միասին պայքարել, բայց Շարմազանովը չէ, որ պետք է նման հայտարարություններ անի, քանի որ հենց Շարմազանովի «շեֆ» Սերժ Սարգսյանն է ուրացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, երբ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ համաձայնվեց ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծմանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը: Եվ հետո էլ քաղցր-քաղցր ծափահարում էր, երբ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մեր դարպասներին գոլ էր խփում: 

Եվ այս ամենի արդյունքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ընդունում ցեղասպանության փաստը, հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են վարվում, և ԱՄՆ-ն պարզապես չի ուզում խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Էլ չեմ հիշատակում վերջին իրադարձությունները՝ կապված «Արարատցեմենտ»-ի ջրամատակարարման դադարեցման և դեպի Ադրբեջան հոսող ջրի հետ:

Այնպես որ, հաստատ Շարմազանովի բերանից չէ, որ պետք է նման հայտարարություններ հնչեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել