Հայտարարություն խորհրդարանում: 

Հարգելի խորհրդարան,

Սպառվող գազի գնագոյացման, կենսաթոշակային բարեփոխումների և այլ խնդիրների շարքում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ անդամակցելու Մաքսային միությանը և մասնակցելու Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան: Հասկանալիորեն, նման քննարկումները նոր ազդակներ են ստանում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: 

Մի կողմ դնելով լրագրողական, փորձագիտական ու քաղաքական-քաղաքագիտական որոշ հրապարակումներում հայաստանյան ու ուկրաինական իրողությունների համեմատական վերլուծությունների ամբողջականության, հիմնավորվածության ու առարակայականության հանգամանքը, մի կողմ դնելով սեպտեմբերի 3-ից հետո ակտիվացած և այսօր գնալով նվազող վատատեսական սպասումները Հայաստան-ԵՄ հարաբերություններում «փակվող դռան» մասին, անհրաժեշտ է արձանագրել հետևյալ մի քանի իրողությունները. 

1. Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ Եվրամիության հետ իր համագործակցությունը դիտում է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը և շարունակելու է Եվրամիության հետ առավելագույն ներգրավման քաղաքականությունը՝ ի նկատի ունենալով նաև մեր երկրի ստանձնած միջազգային նոր պարտավորությունները: Այդ առումով կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում հանդես է գալու Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական հիմքերի, համագործակցության շրջանակների և ընդհանուր հեռանկարների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով` հիմքում ունենալով ամենակարևորը՝ մեր ընդհանուր արժեհամակարգը: 

2. Գնահատելի է, որ Հայաստանի Հանրապետության նման դիրքորոշումը ամբողջական ընկալում և աջակցություն ունի պաշտոնական Բրյուսելի կողմից, ինչի վկայությունն են բարձր ներկայացուցիչ Էշթոնի, հանձնակատար Ֆյուլեի, անդամ շատ երկրների արտգործնախարարների կողմից կատարված հայտարարությունները: Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ եվրոպական քաղաքական որոշ շրջանակներում, հատկապես որոշ եվրախորհրդարանականների մոտ առկա օբյեկտիվ մտահոգություններն ու չհասկացվածությունը՝ Հայաստան-ԵՄ ծավալվող երկխոսությանը զուգահեռ գնալով նվազում է: 

3. Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական և այլ նշանակության մի քանի հանգամանքներ կան, որոնց ուղղությամբ առաջընթացը էականորեն կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա հեռանկարներին: Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ 1-ին. միջազգային հանրության, նախևառաջ Եվրամիության կողմից անհրաժեշտ է առավել մեծ ու առարկայական ճնշում Թուրքիայի նկատմամբ՝ բացելու միակողմանիորեն փակված թուրք-հայկական սահմանը, ինչն էականորեն կթուլացնի մեր անվտանգային զգայունությունը, 2-րդ. անհրաժեշտ է առավել մեծ ու առարկայական ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա՝ դրսևորելու բանակցային կառուցողականություն և գնալու խնդրի խաղաղ ու փոխզիջումային կարգավորմանը, ինչը էականորեն կթուլացնի լարվածությունը ողջ տարածաշրջանում, 3-րդ. պետք է բացառվեն երկրներից որևէ մեկի միտումնավոր ու շարունակական մեկուսացումը տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերից և դիվերսիֆիկացիայի ենթարկել էներգետիկ աղբյուրները՝ Հայաստանին ընձեռելով մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, 4-րդ. Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերություններում անհրաժեշտ է մշակել համագործակցության առանձնահատուկ պլատֆորմ՝ տարբերակված օրակարգով, թիրախներով ու հեռանկարներով: 

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել