
Դաշտային օղակները դարեր շարունակ հարուցել են մարդկանց հետաքրքրասիրությունը: Ասում են, որ դաշտային գոյացությունները սովորաբար առաջանում են այնպիսի ցողունների թեքումից, ինչպիսիք են ցորենը, գարին, տարեկանը և այլն: Դրանք առաջանում են շատ կարճ ժամանակահատվածում (հիմնականում մի գիշերվա ընթացքում) և կարող են սփռվել հարյուրավոր յարդերի վրա: Դարեր առաջ ֆերմերները հավատում էին, որ տեղանքում բնակվող հնձվոր սատանան էր դաշտային օղակներ ստեղծում: Այդ ժամանակից ի վեր անթիվ տեսություններ են ստեղծվել՝ դրանց գոյությունը բացատրելու համար:

Որոշ մարդիկ հավատում են, որ դաշտային օղակները գոյություն են ունեցել հազարավոր տարիներ, թեպետ նման տեսակետն ապացուցող բավականաչափ պատմական ապացույցներ չկան: Հնձվոր սատանայի հետ կապված դեպքը, որը տեղի է ունեցել 1678 թ.-ին, համարվում է դաշտային օղակի առաջին փաստագրված օրինակը: 1960-ականներին ավելի հաճախ սկսեցին դաշտային օղակներ առաջանալ, սակայն դրանք միայն 1990-ականներին սկսեցին ցնցող երևույթ համարվել: Մարդիկ, ովքեր ուսումնասիրում են դաշտային օղակները, հաճախ իրենք իրենց համարում են հացահատիկային բույսերի մասնագետ:


Դաշտային օղակների մեծ մասը հայտնվել են Անգլիայի հարավում: Դաշտային օղակներ առաջացել են աշխարհի տարբեր մասերում՝ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ավստրալիայում: Դաշտային օղակները ամենից հաճախ բերքատվության եռուն ժամանակաշրջանում՝ ամռանն ու աշնանն են առաջանում: 1990 թ.-ին տեղեկություններ են ստացվել դաշտային ավելի քան 500 օղակի մասին:
Տարիների ընթացքում ստեղծվել են մի շարք տեսություններ, որոնցով փորձ է արվել բացատրել դաշտային օղակների գոյությունը: Ըստ ամենահայտնի վարկածի՝ այլմոլորակայինները և ՉԹՕ-ներն են դաշտային օղակների մեծամասնության ճարտարապետները: Այլ տեսությունների կողմնակիցներն էլ պնդում են, որ դաշտային օղակների մեծամանության առաջացմանը նպաստում են քամու հոսանքը կամ հողի էներգիան: Գիտնականներն անգամ եզրակացրել են, որ դաշտային օղակների մեջ ուժեղ մագնիսական դաշտ է տիրում, իսկ այցելուները հայտնել են, որ տարօրինակ զգացողություններ են ունենում օղակների մեջ կամ մոտակայքում գտնվելիս:

Թեպետ շատերը կարծում են, որ միայն այլմոլորակայինները կարող էին ստեղծել դաշտային օղակները, այդ օղակների բարդ դիզայնը մեծամասամբ մարդու ձեռքի գործն է: 1991 թ.-ին Դուգ Բաուերը և Դեյվ Քորլին ասացին՝ իբր իրենք են կառուցել Անգլիայի դաշտային օղակներից շատերը: Ժամանակի ընթացքում այլ ինքնակոչեր էլ են հայտնվել: Այնուամենայնիվ, գիտնականները և բազմաթիվ հասարակ մարդիկ կասկածամտորեն են վերաբերում նմանատիպ պնդումներին: Բազում գիտնականներ նշում են, որ գիշերվա ժամերը բավական չեն, որ մարդ մի գիշերում դաշտային այսպիսի տարածքներ ստեղծի:
Դաշտային օղակ ստեղծելու դժվարությունը պարզելու համար National Geographic-ը նկարահանել է մի կինոնկար, որում ցուցադրվում է դաշտային օղակ ստեղծելու գործընթացը:




