Պետք է յուրաքանչյուր սխալ վերածել արվեստի և առավելության:
Երեկ Փետրվարի 23-ն էր, ու ըստ ավանդույթի, աղջիկները շնորհավորում էին տղաներին: Իհարկե, իմ հասակակիցների տոնը չէ: Բայց մեր հայրերը ծառայել են կարմիր բանակում, ու իրենք հիշողություններ ունեն այդ օրվա հետ կապված: Այն միտքը, որ այդ օրը ընդհանրապես պետք է մոռացվի, ես չեմ ընդունում, այսինքն այդ օրվա հետ պետք է մոռացվեն ԽՍՀՄ բանակում ծառայած մարդկանց բանակային տարիները:
Տիմոշենկոն ազատության մեջ է, ճիշտ է, այն գեղեցկուհուց ոչինչ չի մնացել, բայց նա ցանկանում է պայքարել: Հայաստանում Տիմոշենկոի ազատ արձակվելու լուրը ևս բուռն ընդունվեց, որոշ քաղաքական կուսակցություններ 2 օր է, ինչ ուրախանում են այդ փաստից: Դե ինչ ասես, մարդիկ գուցե Ուկրաինայի ռադայում տեղ են ուզում:
Օլիմպիական խաղերը ավարտվեցին. ուղղակի խոսքեր չկան, հիանալի փակում էր, որը մեծ բավականություն պարգևեց: Փակման արարողությունը կազմակերպող ռեժիսորները պրոֆեսիոնալիզմի մարմնացուն են, հիշում եք, որ բացման ժամանակ 5 օղակներից մեկը չէր բացվել, և ահա փակման ժամանակ այդ բացը ռեժիսորները շատ գեղեցիկ ձևով օգտագործեցին: Աշխարհը դեռ շատ կհիշի այդ օղակի պատմությունը՝ 1980 թվականի օլիմպիադայից հետո, բոլորը հիշում են օդում սավառնող արջին, իսկ այս օլիմպիադայից կհիշեն օղակները, ու սա կմնա պատմության գրկում: Մի խոսքով, սեփական թերությունը դարձրեցին առավելություն ու գեղեցիկ մատուցեցին մարդկանց:
Ֆուտբոլի հետ կապված կրքերը թեժանում են: Մարտի 5-ին խաղ ունենք Կրասնոդարում՝ ՌԴ հավաքականի հետ: Իսկ Եվրո 2016-ի վիճակահանության արդյունքում մեր հավաքականը ընդգրկվեց դժվար խմբում: Սակայն մենք գիտենք մեր հավաքականի ներուժը, և 2016 թվականին բոլորս պետք է երկրպագենք մեր հավաքականին: Մենք մեր հավաքականի կողքին ենք:



