Մի քանի բան փորձեմ միջանկյալ ու շատ սեւագիր ձեւակերպել Ուկրաինայի մասին: Զգուշացնում եմ, որ սրանք շատ նախնական բաներ են, որոնք հետագայում կարող եմ հենց ինքս վերանայել: Սա վերլուծություն չէ, այլ պարզապես մտքեր:
Արտաքին մասով:
1. Եվրոպացիներ: Մեծ հաշվով ամեն բան սկսվեց եվրոպացիների այսօր արդեն երեւի կարող ենք ասել չհաշվարկած ռազմավարությունից, որը ռուսներն ընկալեցին որպես պատերազմի հայտարարություն եւ հակահարվածեցին: Գեոպոլիտիկ սառը պատերազմը վերածվեց տաք պատերազմի Կիեւի փողոցներում: Իհարկե, եթե ուկրաինական հասարակության ներքին հակասությունները չլինեին, որեւէ արտաքին ուժ չէր կարողանա հրահրել եղածը, բայց արտաքին հանգամանքները կարեւոր առիթ եղան: Երբ սառը պատերազմը վերածվեց տաքի, եվրոպացիներն ի վիճակի չեղան պաշտպանել «իրանցոց»:
2. Ռուսները: Ես շարունակում եմ իմ հին վեճն առ այն, որ ռուսները, չնայած արտաքին որոշ հզորացմանը, միեւնույնն է, մնում են ներքուստ թույլ եւ մեծ տերության կարգավիճակն ու նախկին փառքը սոսկ իմիտացնող պետություն: Կայսրությունը հանդես չի գալիս կողմի դերում իր ազդեցության գոտիներում: Կայսրության դիրքը գերազանցապես հաշտարար արբիտրի դեր է, հաճախ նույնիսկ իրեն ատողների նկատմամբ: Եթե ռուսներն իրոք կայսրություն վերականգնելու ճանապարհին լինեին, նրանք ոչ թե քսի կտային Յանուկովիչին, ոչ թե կոչ կանեին սատկացնելու, այլ հանդես կգային խաղաղեցման նախաձեռնություններով: Իսկ այն ինչ ռուսներն էս պահին ցուցադրում են՝ բարդութավորված, պարտված, աբիժնիկի հոգեբանություն է: Նրանք մնում են հոգեբանորեն պարտված մեծ տերություն:
3. Կարծես մի փոքր ավելի համարժեք էին էդ իմաստով ամերիկացիները: Նրանց դեսպանի խոսքը՝ դատապարտում ենք երկուստեկ բռնությունը, հաշտության կոչերը եւ այլն ավելի նման էին իրական կայսերական դիրքի:
Ներքին մասով:
1. Ուկրաինական ավանդական ընդդիմությունը մնաց Արեւելյան Եվրոպային դեռ 1980-ականներին բնորոշ թավշյա հեղափոխության տակտիկայի սահմաններում:
2. Ժողովրդական ապստամբության, խռովության տարրերքը անսպասելիորեն արթնացրեցին ուկրաինական նացոիալիստները՝ բավականին հնաոճ, ավելի շատ 30-ականները հիշեցնող դիսկուրսով, որի մեջ տեղ ունեն ազգային ռոմանտիզմը, հակալիբերալիզմը, կրոնականությունը եւ այլն: Նրանք նախաձեռնեցին եւ առաջ տարան բուն կռիվը: Սա ստեղծեց բավականին եզակի իրավիճակ: Գերազանցապես լիբերալ՝ հետեւաբար իրականում էլիտիստ եվրոպացիները, կարծում եմ՝ սովոր չեն ու չգիտեն էլ՝ ոնց աշխատել բուն «ռամկական» տարրերքը ներկայացնող ազգայնականների հետ: Մի պահ կարծես վերականգնեցին ֆրանսիական հեղափոխության պատկերները այսօրվա մարդուն թվացին ապաբանական, անախրոնիզմ եւ սարսափ: Անսպասելի էր նաեւ ազգայնականության եւ ժողովրդավարության նույնականացումը, որը նույնպես կարծես մի պահ վերադարձրեց մեզ 19 դար, երբ այդ երկուսը նույնն էին, եւ երբ լիբերալիզմը դեռ ժողովրդավարությունից բավականին դիստանցիա էր պահում: Ի վերջո ստեղծվեց իրավիճակ, երբ Եվրոպան, Ռուսաստանը, արեւմտամետ լիբերալները, ռուսամետ ոչմիբանները մնացին խաղից դուրս, եւ որոշողը մի պահ դարձան ազգայնական քյարթ տղերքը: ......Ի՛նչ կլինի հետո՝ այլ պատմություն է: Ամենայն հավանականությամբ, անսպասելիերոն առաջին պլան մղված այդ ուժը նորից հետին պլան կղմվի, եւ ավելի կազմակերպված ուժերը կվեարադարձնեն իրավիճակն իրենց վերահսկղության տակ: Բայց այս պատմությունը բոլորիս պետք է հուշի, որ ինչ որ բան էն չի, որ կա մի դատարկություն, որը լցվել է ուզում, որ ապագան այնքան էլ անամպ, անվտանգ ու միանշանակ չի, որքան թվում է էսօրվա համաշխարհային քաղքենուն: .....Անավարտ: )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203264508677753?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել