Lurer.com-ը գրում է.

Լուրեր.com-ի «Անզեն աչքով անտեսանելի ականջակալն ու «նորմալ» ուսանողությունը» հրապարակմանն արձագանքել է Երևանի պետական համալսարանը:

ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը մեր կայքին ուղղած նամակում նշել է.

«Ձեր կողմից բարձրացված խնդիրն իսկապես մտահոգիչ է, քանի որ, ցավոք, մեր իրականության մեջ երբեմն լինում են անբարեխիղճ ուսանողներ, ովքեր քննությունները ստանալու համար դիմում են տարբեր տեխնիկական միջոցների օգնությանը: Նման քայլերը, անշուշտ, ազդում են կրթության որակի վրա: Խնդիրը գտնվում է ԵՊՀ ռեկտորատի ուշադրության կենտրոնում. այս ուղղությամբ մենք քայլեր ձեռնարկել ենք և որոշ լսարաններում տեղադրել ենք խլացուցիչներ:

Սակայն այս քայլերը դեռևս բավարար չեն նման դեպքերն ամբողջովին բացառելու համար և այժմ քննարկում ենք նշված խնդրի բացառման ուղղությամբ նոր քայլեր իրականացնելու հնարավորությունները: Խնդրի լուծումը պահանջում է ֆինանսական մեծ միջոցներ, քանի որ որակյալ խլացուցիչ սարքավորումները թանկ արժեն և դրանցով վերազինել մեր լսարանների մեծ մասը իսկապես դժվար խնդիր է:

Ինչևէ, խնդիրը շատ արդիական է և անելու ենք ամեն ինչ, որպեսզի բացառենք ոչ բարեխիղճ ուսանողների կողմից նման սարքավորումներից քննությունների ժամանակ օգտվելը: Իսկ իրավական առումով մենք չենք կարող արգելել նման սարքավորումների վաճառքը»- նշված է Գևորգ Մելքոնյանի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Լուրեր.com-ն ավելի վաղ գրել էր, որ օրերս համացանցում հայտնվել է գովազդ` «Քննությունները ստանալու ամենահեշտ տարբերակը» խորագրով, որն ուսանողներին է առաջարկում անլար ականջակալ: Այն ուսանողներին հնարավորություն կտա մասնակցել քննություններին` անզեն աչքով անտեսանելի ականջակալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել