Պարոն Աշոտյան, Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը ոչ ոք իրավունք չունի համեմատելու դատարկ փամփուշտի կրակոցի հետ: Իսկ այն, ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, ապա դա առնվազն անտրամաբանական է համեմատել ինչ-որ վերացական բաների հետ, քանի որ ամեն ինչ շատ հանգամանալից ու հասկանալի էր՝ առարկայական օրինքկներով։ ԲՀԿ-ն այսքան տարիների ընթացքում միշտ ապացուցել է իր ասածը ամենօրյա աշխատանքով: Անդրադառնալով, ինչպես դուք եք նշում, «մանր տրամաչափի» որոշ ԲՀԿ-ականների՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի, հաստատ համոզված եղեք, որ տվյալ մարդկանց տրամաչափը որոշողը չպետք է լինի նրանցից ավելի փոքր տրամաչափի, ի վերջո տրամաչափը որոշվում է ոչ թե իշխանական կայքերում տեղ գտած ստատուսի դիտումներով, այլ ժողովրդի վերաբերմունքով, որը կրկին ոչ մի դրական բան չի հուշում մեր ներկա կառավարության ու նրա ներկայացուցիչների տրամաչափի մասին: Հավելեմ, որ ԲՀԿ-ն ողջ իր գործունեության ընթացքում միշտ ամուր կանգնած է եղել ոտքերի վրա՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, որը վաղուց կորցրել է ոտքերը, բայց օգտագործելով պետական ռեսուրսները, ստիպում է որոշ ստրուկների տանել իրենց ձեռքերի վրա։



