Այս շաբաթվա ընթացքում կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարեցին, որ խնդիրը լուծելու համար լիարժեք բանակցություններ են սկսում, ստորագրվել է համատեղ կոմյունիկե և այլն: Այս իրադարձությունը, ինչպես և կանխատեսելի էր, լայն արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից և սկզբունքորեն չվրիպեց նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների՝ մասնավորապես վերջերս աչքի ընկնող ակտիվություն ցուցաբերող ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ուշադրությունից: Այսպիսով, արձագանքելով այս հայտարարությանը, Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում օրերս արեց հետևյալ գրառումը. «Կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, որ խնդիրը լուծելու համար լիարժեք բանակցություններ են սկսում: Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»: Այս գրառումը լուրջ արձագանք ունեցավ թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմում:

Արցախի արտգործնախարարությունը Թվիթերի իր էջում ի պատասխան արեց հետևյալ գրառումը․ «Մենք համաձայն ենք: Հասունացել է ժամանակը՝ վերականգնելու լիարժեք բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությամբ»: Արցախի պաշտոնական գրառմանն ի պատասխան չուշացավ նաև Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևի հետևյալ գրառումը. «Բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Կողմերը միայն երկուսն են»: Սա բավական չեղավ Ադրբեջանի համար և արձագանք եղավ նաև այդ երկրի նախագահի աշխատակազմի կողմից՝ ի դեմս քաղաքական ուսումնասիրությունների ու տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Էլնուր Ասլանովի, ով ևս իր պարտքը համարեց վրդովված արձագանքել Ուրլիքի թվիթին՝ ասելով հետյալը. «Ցավոք, որոշ անավարտ ձևակերպումներ հետագա պարզաբանումների կարիք ունեն, քանի որ օգտագործվում են հասարակական կարծիքը թյուրըմբռնման մեջ գցելու համար»: «Հակամարտությունում միայն երկու կողմ կա՝ Ադրբեջանը և Հայաստանը, և երկու շահագրգիռ կողմ՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքները»:

Այժմ եկեք փորձենք հասկանալ, թե ինչ էր ուզում ամերիկացի դիվանագետն ասել իրականում, և ինչպես այս ամենը մեկնաբանվեց: Նախ սկսենք նրանից, որ շատ դժվար է հստակ ասել, թե կոնկերտ ինչ նկատի ուներ ամերիկացի դիվանագետը, քանի որ, ինչպես միշտ, այս պաշտոնյաներն անում են հայտարարություններ կամ գրառումներ, որոնք շատ ընդհանրական մտքեր են արտահայտում և դառնում տարբեր մեկնաբանությունների և շահարկումների ենթակա: Այս դեպքը ևս բացառություն չէր, և այս հարցում ես պետք է համաձայնեմ ադրբեջանցի պաշտոնյայի այն մտքի հետ, որ հավելյալ պարազաբանումը բնավ չէր խանգարի հասկանալու համար Մինսկի Խմբի ուղերձը: Սակայն մյուս կողմից ես, անկեղծ ասած, չեմ հասկանում ադրբեջանական կողմի հիստերիան և մտահոգությունը, քանի որ ինքս միանգամայն այլ կերպ եմ հասկացել Ջեյմս Ուորլիքի գրառման իմաստը և բնավ չեմ դիտարկել դա՝ որպես կոչ լիարժեք արցախյան կողմին ներառել բանակցություններում: Այնպիսի տպավորություն էր, որ արցախյան կողմի մեկնաբանությունը Ադրբեջանը դիտարկել է որպես բացարձակ ճշմարտություն և նույնիսկ չի էլ փորձել այլ կերպ մեկնաբանել դիվանագետի գրառումը, այլ կերպ ասած, ջուր է լցրել Արցախի ջրաղացին: Ի դեպ, քիչ առաջ ասացի Արցախի լիարժեք մասնակցությունը, որովհետև գտնում եմ, որ Արցախը, այնուամենայնիվ, մասնակիորեն մաս կազմում է բանակցություններին՝ հենց միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանային այցերի գրեթե մեծ մասի ժամանակ համանախագահները լինում են նաև Ստեփանակերտում՝ ուզի դա Ադրբեջանը, թե ոչ: 


Այժմ ասեմ, թե ինքս այդ մեծ աղմուկի և բուռն քննարկման առիթ դարձած գրառումը ինչպես եմ մեկնաբանել, որը միանգամայն տարբերվում է մնացած մեկնաբանություններից: Կարծում եմ, որ դիվանագետը պարզապես կոչ է արել կողմերին ցուցաբերել քաղաքական կամք և փորձել բեկում մտցնել բանակցություններում, որպեսզի հնարավոր լինի խնդիրը լուծել արագ, խաղաղ և փոխըմբռնելի տարբերակով: Ինչ խոսք, իմ մեկնաբանությունը ևս չի կարելի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, քանի որ, ի վերջո, ես էլ չեմ կարող ասել, թե ինչ էր Ուորլիքը մտածում այդ գրառումն անելիս, բայց հարկ է նշել, որ այն այս ուշադրությանը բնավ չարժեր, իսկ եթե նույնիսկ արժեր, ապա պետք էր ընդամենը շնորհակալություն հայտնել դիվանագետի կողմից հնչեցրած ցանկության համար և անել դա յուրովի, ասել է թե` մեկնաբանելով այդ գրառումն այնպես, ինչպես ձեռնտու է յուրաքանչյուր կողմին: Ինձ ուղղակի ապշեցրեց Ադրբեջանի նման միամտությունը: 

Հ.Գ. Այս ընթացքում ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ կողմերն իրոք երկուսն են` Ստեփանակերտը և Բաքուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել