Իմ առաջին աշխատանքը «Երևան իմ քաղաք» այդպես էլ շարունակություն չունեցավ քանզի այս ընթացքում ծառայած երեք քաղաքապետերն ու նրանց աշխատակազմը այդպես էլ չարձագանքեցին նման մոտեցմանը և բացի մեր առաջարկած այս կամ այն մտքից ինչ որ վերնագիր կամ հատված «գողանալով» ու այն ի սկզբանե տապալված ծրագրի «փող լվալու միջոցի» վերածելուց ու ամպագոռոռ պլակատային մի քանի հոդվածով բավարարվելուց հետո փակեցին ու անցան առաջ: Ձեզ եմ ներկայացնում իմ պատկերացումը, ինչը ես համոժված եմ որ երբեք չեմ իրականացնի որպես սոցիալական հոլովակ, քանի որ ապրում և ստեղծագործում եմ մի երկրում ուր այն ոչ մեկին պետք չէ:
«ԲԱՐԵԿԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ` ԽՈԶԱՎԱՆԸ»
Մի խումբ պրոֆեսիոնալ վերանորոգողներ զինված տեխնիկայի վերջին ճիչ հադիսացող գործիքներով ու թանկարժեք մատերիալներով մտնում են սև ու մութ պատերով խոզանոց, ու դուրս հանում իրենց կեղտի մեջ անխռով պառկած խոզերին ու փակում դուռը: Տեղադրելով լուսարձակներն ու մնացած սարքերը՝ նրանք անմիջապես անցնում են գործի: Արագացրած կադրերով մենք տեսնում ենք թե ինչպես մեր աչքի առաջ հրաշք է տեղի ունենում. սև ու մրոտ` կեղտով լի գոմը աստիճանաբար սկսում է մաքրվել և վերածվել նորմալ մի սենյակի, ինչից հետո սկսվում է այսպես կոչված «Եվրոռեմոնտը». Գետինը ծածկվում է հատուկ հնդկաստանից բերված սպիտակ փայտից պարկետով, պատերը ներկվում են սպիտակ ապա ոսկեզօծվում, պատուհանին կախվում է մետաքսյա վարագույր, տեղադրվում են մետաքսյա ծածկույթով բազմոցներ, գետնին թանկանոց գորգ է նետվում: Մի խոսքով հաշված րոպեների ընթացքում ի շնորհիվ գերարագացված կադրերի մենք տեսնում ենք, թե ինչպես խոզանոցը վերածվեց պալատական մի դրախտավայրի: Վարպետները հեռանում են՝ իրենց հետ տանելով գործիքներն ու մնացած իրերը թողնելով սենյակն իր ողջ գեղեցկությամբ: Մի քանի վայրկյան մենք վայելում ենք այդ չքնաղ գեղեցկությունը հետո բացվում է դուռը ու ներս են թողնում դուրս հանած խոզերին:
«Վերջ»
Պատկերացնում ե՞ք՝ ինչի կվերածվի այդ սենյակը ասենք մի շաբաթից: Եթե նախկին սև պատերը ինչ- որ տեղ համահունչ էին ներսի կեղտին ու հոտին ապա այդ մետաքսյա ոսկեզօծ ու թավշյա իրերով պալատը շատ ավելի զզվելի, գեշ ու անտանելի կլինի այդժամ: Ինչ ասել կուզեմ... որպեսզի բարեկարգվի մեր քաղաքը, նախ այնտեղ ապրող մարդիկ պետք է բարեկարգվեն: Երևանցին՝ որպես տեսակ, վերացել է հեռացել կամ մահացել, կամ լավագույն դեպքում փակվել իր կաղապարի մեջ իր ծայրամասի տանը, կամ ձուլվել խոզերի այն ոհմակին, ով մեր դարավոր կաղնու՝ ինչի անունն է Էրևան, արմատներն է փորում ու քանդում: Մեծացել է մի սերուդ, ում համար տարօրինակ է ասենք մի ծառի համար պայքարել երիտասարդների մի փոքր խմբի պահվածքը, ով չի հասկանում՝ ինչու չի կարելի այգու փոխարեն սրճարան կառուցել, ով չի հասկանում՝ ինչու է պատժվում փողոցում երեկ տեղադրված տուբա ծառը հանելու ու իրենց բակ տանելու համար: Բարեկարգել Երևանը իմ համար նշանակում է հետ բերել այն մտածելակերպը որ ուներ Երևանցին, էն սերը որ նա տածում էր իր քաղաքի ամեն մի քարի ու թփի հանդեպ ու պետք չի անճաշակ գույնզգույն զանգուլակներ կախելով՝ զարդարել քաղաքը. Երևանցին ինքը կզարդարի իր քաղաքը առաջին հերթին հենց ինքն իրենով, քանի որ Երևանի ամենագեղեցիկը հենց Երևանցիներն էին իրենց կոլորիտով...



