Միացյալ Նահանգներում ռեփեր Թուփաքի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի: Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարի հեղինակը կլինի Ջոն Սինգլթոնը: «Թուփաքն այն տղան էր, ում մասին ես ցանկանում էի ֆիլմ նկարահանել դեռ նրա կենդանության օրոք: Նրա մահը խորը հետք թողեց իմ եւ միլիոնավոր մարդկանց աշխարհայացքում: Նրա պատմությունը շատ կարևոր է մեր սերնդի համար»,- ասել է ապագա ֆիլմի ռեժիսորը:
Ռեփեր, դերասան Թուփաքը ծնվել է 1971 թվականի հունիսի 16-ին: Նա աշխարհի ամենաշատ վաճառված կատարողն է: Թուփաքն առաջին ռեփերն է, ում հիշատակին նույնիսկ հուշարձան են կանգնեցրել: Թուփաք Շաքուրը իր երգերում բարձրաձայնում էր աղքատության եւ ռասիզմի խնդիրները: 1996 թվականի սեպտեմբերի 7-ին երգչին կրակում են իր սեփական լիմուզինում: Թուփաքը ստացած մարմնական վնասվածքի պատճառով մահանում է մի քանի օր անց՝ սեպտեմբերի 13-ին:



