Այսօր երկու կայքի հարցազրույց տվեցի «Նիմֆոման» («Նիմֆոմանուհին») ֆիլմի առթիվ... Շնորհակալություն լրագրողներին... Սակայն երկու կայքում իմ խոսքից մի կարևոր միտք էին հանել, այն, որ դեմ կանգնելով այդ ֆիլմի ցուցադրմանը, մենք մեզ պարուրում ենք կեղծ գավառական, ճառային բարոյականությամբ...
Արվեստի որևէ ստեղծագործության արգելումը իբր բարոյականության պահանջներից ելնելով՝ գավառամտություն է...
Տեղ չէր գտել նաև հետևյալ միտքս.
Շատերն այս ֆիլմի դեմ են խոսում՝ այն դիտած չլինելով: Ոմանք էլ անգամ գովում են՝ դարձյալ դիտած չլինելով...
...Երբ 1970-ական թվականներին կոմկուսի հրահանգով պայքար սկսվեց Սոլժենիցինի դեմ, «Գրական թերթում» հանդես եկան օրերի գրական «մեծություններ» Սարմենն ու Հմայակ Սիրասը... Սիրասը Սոլժենիցինին միջակություն էր համարել... Ժամանակներ անց փողոցում մոտեցա Հմայակ Սիրասին և հարցրեցի, թե Սոլժենիցինի ո՞ր ստեղծագործությունն է կարդացել... Աչքերը ճպպացրեց ու հեռացավ...
Սույն ֆիլմը համեմատության մեջ չեմ դնում Սոլժենիցինի գրականության հետ, բայց աշխարհի ամենանշանավոր կինոբեմադրիչներից մեկի ֆիլմի մասին խոսելիս ու այն դատապարտելիս՝ առնվազն պետք է բարոյականություն ունենալ և... դիտել ֆիլմը...



