Tert.am-ը գրում է.
Եթե Հայաստանի ներսում քաղաքական հակակշիռ լիներ, ապա Մաքսային Միությանն անդամակցելու առումով այլ իրավիճակ կլիներ, այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրած «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նույն հարթության վրա չեն, իսկ նման վիճակը թելադրել է Հայաստանում տիրող ներքին քաղաքական իրավիճակը։
«Մեր երկրի ներքին իրավիճակը շատ բան է թելադրել, տնտեսության վիճակը լավ չէ, արտագաղթ, օրինականության ու ժողովրդավարության խնդիր ունեք, այդ ամենը իրար գումարած, մեր մանևրելու խնդիրը թուլացնում է»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Նախկին ԱԳ նախարարը նկատեց, թե քաղաքական գործընթացներում այսօր Հայաստանը նման է Խորհրդային մեկ կուսակցական համակարգին։ «Մենք այսօր մի կուսակցական համակարգ ունենք, եկեք արձանագրենք, սովետական շրջանից շատ բան չի փոխվել։ Մյուսներն ասում են ազատ են, կարող են ազատ գործել, բայց երբեք չեն կարող իշխանություն լինել»,– ասաց նա։
«Ահավասիկ այդ հակակշիռների օրինակով ասեմ, նախագահի դիրքերն ավելի ուժեղ կլիներ սեպտեմբերի 3-ին (Մաքսային Միությանն անդամակցելու հայտարարության օրը), եթե երկրի ներսում քաղաքական հակակշիռ լիներ, նույնիսկ եթե ասենք, որ ՌԴ ճնշել է նախագահին, չնայած ես ասում եմ, որ չի ճնշել, բայց նույնիսկ եթե ճնշել է այդ դեպքում չհամաձայնելու մանևրելու տեղ կունենար»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը։
Նախկին ԱԳ նախարարը բացատրեց, որ եթե քաղաքական հակակշիռ լիներ, ապա նույն խորհրդարանում իշխանությունը կարող էր այդ պարտադրանքին դեմ դուրս գալ։ «Մենք կարող էինք խորհրադարանում այդ ամենը փակել, բայց հակակշիռ չունեինք, դրա համար էլ անցավ։ Արդյունքները ակնհայտ են, բոլոր ուղղություններով անարդյունավետ վիճակ է»,- նշեց նա։
Վարդան Օսկանյանը նկատեց, թե այսօր տարածաշրջանում բարդ վիճակ է ստեղծվել՝ հատկապես հայ-վրացական հարաբերություններում, իհարկե նաև Ադրբեջանի համար։
Այս երեք պետությունների համար մեկ ընդհանրական բան կար՝ եվրոպական ձգտում էր, սակայն այսօր Կովկասում տարանջատումն այնքան է խորացել, որ չեմ կասկածում, որ հնարավոր կլինի խույս տալ պայթյունից»,- նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



